ՀՍՀ/ԱԼԲԵՐՏԻ ՌԱՖԱՅԵԼ
ԱԼԲԵՐՏԻ (Alberti) Ռաֆայել (ծն. 1902), իսպանացի բանաստեղծ։ Կոմունիստ։ Ծնվել է դեկտեմբերի 16-ին, Իսպանիայի Քադիս գավառի Պուերտո դե Սանտա Մարիա գյուղում։ Իսպ. ժողովրդի ազգային–հեղափոխական պատերազմի տարիներին (1936–39) Ա. Իսպանիայի մտավորականության հակաֆաշիստական միության աչքի ընկնող գործիչներից էր։ Հեղափոխական տրամադրություններով են տոգորված նրա «Բանաստեղծը փողոցում» (1936) և «Բեկման պահին» (1937) բանաստեղծությունների ժողովածուները։ Հանրապետական Իսպանիայի պարտությունից հետո Ա, տեղափոխվել է Արգենտինա։ Ազատության և խաղաղության համար ժողովուրդների պայքարին են նվիրված նրա «Պարանա գետի բալլադներն ու երգերը» (1954), «Բեմական բանաստեղծություններ» (1962) գրքերը։ Ա. «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1964) դափնեկիր է։ Ապրում է Հռոմում։
