ՀՍՀ/ԱԼԲԻԳՈՅՑԻՆԵՐ
ԱԼԲԻԳՈՅՑԻՆԵՐ (ֆրանս. Albigeois), աղանդավորներ Հարավային Ֆրանսիայում, XII–XIII դարերում։ Հարում էին կաթարների և վալդենսների հերձվածներին։ Ա–ի անվան առաջացումը վիճելի է։ Սովորաբար այն կապում են Ալբի (լատ. Albiga) քաղաքի անվան հետ, որտեղ, ըստ ենթադրության, սկիզբ է առել այդ շարժումը։ Որոշ պատմաբաններ բխեցնում են ալբանացիներ (Albanenses) բառից, քանի որ կաթարների հերձվածը տարածվել է Բալկանյան թերակղզուց։ Ենթադրվում է, որ Ա–ի վրա ներգործել է Թոնդրակեցիների աղանդը (տես Թոնդրակյան շարժում)։ Ա. աշխարհը, ներառյալ կաթոլիկ եկեղեցին, համարում էին սատանայի ստեղծածը, ժխտում էին կրոնական հիմնական դոգմաները, պահանջում վերացնել եկեղեցական հողատիրությունն ու տասանորդը։ Նրանց հիմնական զանգվածն արհեստավորներ և մասամբ գյուղացիներ էին։ Շարժմանը հարում էր նաև տեղական ազնվականության մի մասը՝ եկեղեցու հարստությանը տիրանալու ակնկալությամբ։ Ա–ին ջախջախեցին և գրեթե ոչնչացրին պապության նախաձեռնած խաչակրաց արշավանքների՝ Ալբիգոյական պատերազմների ժամանակ (1209–29)։ Ա. հերձվածը վերացավ XIV դարում։
