ՀՍՀ/ԱԼԲԻՆԻԶՄ
ԱԼԲԻՆԻԶՄ (<լատ. Albus - սպիտակ), մարդկանց և կենդանիների մաշկի, մազերի, աչքի ծիածանաթաղանթի բնական գունավորման (պիգմենտացիայի) բացակայություն, իսկ բույսերի մոտ՝ ամբողջ բույսի կամ դրա առանձին մասերի կանաչ գունավորման խիստ սակավություն կամ բացակայություն։ Ա. ժառանգական հատկանիշ է, որը պայմանավորված է հոմոզիգոտ վիճակում (տես Հոմոզիգոտություն) գունանյութի (բույսերում՝ քլորոֆիլի, կենդանիների մոտ՝ մելանինի) սինթեզը մեկուսացնող ռեցիսիվ (ճնշվող) գենի առկայությամբ։ Եթե, օրինակ, խաչաձև են Ա–ի թաքնված գեն կրող երկու բույսեր, ապա սերնդում յուրաքանչյուր երեք կանաչ բույսին կընկնի մեկ քլորոֆիլազուրկ և, հետևաբար, ոչ կենսունակ բույս։ Բույսերի Ա–ի մյուս ձևը պայմանավորված է քլորոպլաստների ժառանգական փոփոխությամբ, այսինքն՝ կապված չէ կորիզում տեղակայված գեների փոփոխության հետ։ Մսւրդու և կենդանիների Ա–ի դրսևորման հաճախականությունը, այսինքն հոմոզիգոտ վիճակում Ա–ի գենի առկայությունը կազմում է 1 : 20 000։ Փորձագիտական նպատակների համար բուծում են ալբինոս ճագարների, առնետների և մկների մաքուր գծեր։
