Jump to content

ՀՍՀ/ԱԼԵՄՇԱՀ ԳՈՒՐԳԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼԵՄՇԱՀ Գուրգեն Միքայելի (1907–1947), հայ կոմպոզիտոր։ Ծնվել է մայիսի 22-ին, Պարտիզակում։ Ավարտել է Միլանի կոնսերվատորիան (1930)։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ–Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և ղեկավարել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937-ին, ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Ա–ի «Հայկական հարսանիք» երկով շահել է 2-րդ մրցանակ։ Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ–ի «Ալագյազ», իսկ 1939–47-ին ՝ «Սիփան–Կոմիտաս» երգչախմբերը։ Գրել է երգեր, խմբերգեր, սիմֆոնիկ ստեղծագործություններ և կինոերաժշտություն։ Ա–ի լավագույն գործերից են՝ «Բուխարիկ», «Իմ երգը», «Ես սիրեցի», «Իմ յարը», «Աղվորներուն», «Նազերով», «Ծաղիկ էի», «Իղձ» երգերը, «Իմ հեռավոր հայրենիք» խմբերգը, սիմֆոնիկ նվագախմբի համար գրված՝ «Արևելյան գիշերներ» (1931), «Հեքիաթ», «Երկու պատմվածք հազար ու մեկ գիշերներից», «Հայկական ժողովրդական պարեր» ստեղծագործությունները, «Ավարայրի պատերազմը» վոկալ–սիմֆոնիկ երկը (1934), «Վարդավառ» (1932), «Ծովինար» մեկ գործողությամբ երաժշտական պատկերները։ Մշակել է բազմաթիվ ժողովրդական երգեր՝ «Հոյ նար», «Շուշո», «Անուշիկ յար ջան» ևն։ Ա–ի ստեղծագործությունն օրգանապես կապված է հայ ժողովրդական ու դասական երաժշտության ավանդույթներին։ Որպես խմբավար և դիրիժոր Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՍՆ–ում նա հաճախ հանդես է եկել սիմֆոնիկ և խմբերգային համերգներով, կատարել Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ա. Տիգրանյանի, Տ. Չուխաջյանի, Ք. Կարա–Մուրզայի և այլոց ստեղծագործությունները։ Մահացել է դեկտ. 14-ին, Դետրոյտում (ԱՄՆ)։ Մ. Մուրադյան