ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, Անդրկովկասի հնագույն կոմունիստական կազմակերպություններից։ Ստեղծվել է 1905-ին, Ալեքսանդրապոլում (Լենինական):Հիմնադիրներից են՝ Ա. Գ. Շահինյանը, Ա. Հ. Վարդանյանը, Վ. Հ. Խաչատրյանը։ 1902–05-ին Ալեքսանդրապոլում գործում էր սոցիալ–դեմոկրատական երեք .խմբակ, կայազորում, երկաթուղային դեպոյում և քաղաքում, որոնք և դարձան Ա. բ. կ–յան հիմքը։ 1905–07-ին հեղափոխության ժամանակ կազմակերպությունը հրապարակեց կոչեր և թռուցիկներ, ղեկավարեց բանվորների ու ծառայողների գործադուլները, զինվորների ելույթները։
Ա. բ. կ. կանոնավոր գործել է մինչև1909, ապա ընդհատումներով՝ մինչև 1916։ Այնուհետև վերախմբվել է և դարձել բոլշևիկյան կազմակերպություն։ Անջատվելով մենշևիկներից՝ բոլշևիկները 1917-ի հուլիսի 16-ի համաքաղաքային ժողովում ստեղծեցին իրենց կազմակերպությունը։ Ընտրվեց ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության բյուրո, որի մեջ մտան Պ. Արվելաձեն (նախագահ), Բ. Ղարիբջանյանը (քարտուղար), Ն. Լեժավան, Վ. Տարախչյանը, Ի. Շապովալենկոն, Ի. Կորոստիլենկոն, Լ. Հովհաննիսյանը, Ֆ. Ամաշակելին և Սակարովը։ Դեկտեմբերին, երբ Պ. Արվելաձեն տեղափոխվեց Բաքու, բյուրոն գլխավորեց Բ. Ղարիբջանյանը։ Ա. բ. կ. սկսեց հրատարակել «Նոր կյանք» (հունիսից) և «Պրավդա ժիզնի» («Правда жизни», օգոստոսից) թերթերը։ Կազմակերպությունն արագ աճեց, սեպտեմբերին արդեն աներ մոտ 600 անդամ։ Կազմակերպությունն իր ազդեցությունը տարածեց Ալեքսանդրապոլում գործող արհեստակցական միությունների վրա, որոնք ձեռնարկատերերին ստիպեցին ընդունել 8-ժամյա բանվորական օր սահմանելու, աշխատավարձը բարձրացնելու և այլ պահանջներ։ Հոկտ. 7–9, ելույթ ունենալով Ալեքսանդրապոլի աշխատավորների ու զինվորների ժողովներում և գավառի գյուղացիական համագումարում, Ս. Շահումյանը կոչ արեց միացյալ ուժերով պայքարել ժամանակավոր կառավարությունը տապալելու և բանվորների ու գյուղացիների իշխանություն հաստատելու համար։
Ա. բ. կ–յան գործունեությանը նոր թափ հաղորդեց Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1917-ի նոյեմբերի սկզբին հրապարակած թռուցիկում բոլշևիկները սովետական իշխանությունը պաշտպանելը համարում էին աշխատավորների առաջնահերթ խնդիրը։ Նրանք պայքար ծավալեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դեմ. 1918-ի հունվ. 21-ի ժողովում բացահայտեցին Անդրկովկասի ազգայնական կուսակցությունների քաղաքականության պառակտողական բնույթը, ցույց տվեցին, որ անջատողական ձգտումները քայքայում են Կովկասյան ռազմաճակատը հօգուտ թուրքերի։ Անդրկովկասը թուրքական ագրեսիայից փրկելու, նրա ժողովուրդների ազգային ու սոցիալ–քաղաքական ազատագրության համար Ա. բ.կ. 1918-ի ապրիլի 6–8 կայացած խորհրդակցությունում առաջարկեց ճանաչել ՌՍՖՍՀ ժողկոմսովետը և երկրամասում հռչակել սովետական իշխանություն։ Ա. բ. կ. տուժեց թուրքական օկուպացիայից։ 1919-ի սկզբներին տեղի բոլշևիկների և Բաքվից ուղարկված բանվոր կոմունիստների ջանքերով կազմակերպությունը վերականգնվեց։ Ա. բ. կ. Ալեքսանդրապոլում Մայիսյան ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարն էր։ Ապստամբության պարտությունը ծանր հարված հասցրեց կազմակերպությանը։ Այնուհանդերձ նա շարունակեց գործել։ Թուրքական զորքերի երկրորդ ներխուժման և Ալեքսանդրապոլի օկուպացիայի ժամանակ (1920 նոյեմբեր – 1921 ապրիլ) Ա. բ. կ. պայքարում էր քաղաքը զավթիչներից ազատագրելու, սովետական կարգեր հաստատելու համար։
Գրկ. Մելիք–Յոլչյան Ե., Հայաստանի բանվորական շարժման պատմությունից, 1903–07, Ե., 1930։ Ղարիբջանյան Գ. Բ., Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը 1917–20 թթ., Ե., 1953։ Աղայան Ծ. Պ., Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–07 թթ., Ե., 1955։ Մելքոնյան Ա. Տ., Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965։
