Jump to content

ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1920

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1920, կնքվել է դեկտեմբերի 2–ին, Ալեքսանդրապոլ (Լենինական) քաղաքում, Հայաստանի դաշնակցական կառավարության պատվիրակության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչների միջև, 1920-ի հայ–թուրքական պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Պայմանագիրն ստորագրել են դաշնակցական կառավարության ներկայացուցիչներ Ա. Խատիսյանը, Ա. Գյուլխանդանյանը և Ա. Ղորղանյանը, իսկ Թուրքիայի կողմից՝ Կարաբեքիր փաշան, Համիդ բեյը և Սուլեյման Բեջադի բեյը։

Որդեգրելով երիտթուրքերի ագրեսիվ քաղաքականությունը և նպատակ ունենալով գրավել հայկական տերիտորիաները՝ քեմալական Թուրքիայի զորքերը 1920-ի սեպտեմբերին ներխուժեցին Հայաստան։ Դաշնակցական կառավարությունը, ի վիճակի չլինելով շարունակել պատերազմական գործողությունները, ստիպված ընդունեց թուրքական հրամանատարության զինադադարի պայմանները (1920-ի նոյեմբ. 18-ին) և պատվիրակություն ուղարկեց Ալեքսանդրապոլ՝ բանակցությունների համար։ Սովետական Ռուսաստանի՝ բանակցություններին որպես միջնորդ մասնակցելու առաջարկը բանակցող կողմերը մերժեցին։ Թուրքերը մերժեցին նաև մինչև 1914-ը Ռուսաստանի կազմի մեջ եղած հողերը և Ալաշկերտի ու Բասենի շրջանները Հայաստանին տալու հայկական պատվիրակության պահանջը և հարկադրեցին նրան հրաժարվել Սևրի պայմանագրից (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920)։ Նոյեմբ. 30-ին թուրք․ պատվիրակությունը վերջնագիր ներկայացրեց հայերի համար շատ ծանր պայմաններով։ Դեկտ. 2-ին, երբ Հայաստանում արդեն սովետական կարգեր էին հաստատվել, ինքնըստինքյան լիազորությունից զուրկ դաշնակցական պատվիրակությունն ստորագրեց ապօրինի ստորացուցիչ պայմանագիրը։ Այն բաղկացած էր 14 հոդվածից և առանձին հավելվածներից։ Ա. պ–ով ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև պատերազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի գրաված Սուրմալուի գավառը և Կարսի մարզը ճանաչվում էին որպես թուրքական տերիտորիա թե պատմականորեն և թե էթնիկական տեսակետից։ Հայաստանը պարտավորվում էր չմիջամտել Շարուրի, Շահթախտիի և Նախիջևանի շրջանների ներքին գործերին, որոնք ժամանակավորապես, մինչև հանրաքվեի անցկացումը, հայտարարվում էին Թուրքիայի «պաշտպանության» ներքո գտնվող տերիտորիաներ։ Ըստ պայմանագրի, Հայաստանի արևմտյան սահմանն անցնում էր Ախալքալաքի գավառի հարավային մասով մինչև Բաշ–Շորագյալ–Արփաչայ, այնուհետև՝ Արփաչայի հոսանքով մինչև Արաքս։ 4-րդ հոդվածով Հայաստանը «սահմանների պաշտպանության համար» կարող էր ունենալ 1500 զինվոր, 8 թնդանոթ, 20 գնդացիր։ Վերացվում էր պարտադիր զինվորական ծառայությունը։ Թուրքիային իրավունք էր վերապահվում իր ներկայացուցիչների միջոցով Հայաստանում «տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերով», առանց մաքսի տարանցիկ վախադրումներ կատարել, հսկել երկաթուղիներն ու մյուս ճանապարհները, իր երկրի «անվտանգությունն» ապահովելու նպատակով ռազմական միջոցառումներ ձեռնարկել։ Այդ ամենի փոխարեն Թուրքիան պարտավորվում էր «իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը, և երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով»։

Ա. պ–ով Հայաստանը փաստորեն կորցնում էր իր տնտեսական ու քաղաքական ինքնուրույնությունը։ Պայմանագիրը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ դաշնակցականներն անընդունակ էին ապահովելու հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույնությունը։ Այդ ժամանակվա Հայաստանի պետական իշխանության միակ օրինական մարմինը՝ Հեղափոխական կոմիտեն (տես Հայաստանի հեղափոխական կոմիտե), չճանաչեց Ա. պ.։ Իրավական ոչ մի ուժ չունեցող այդ պայմանագիրը Սովետական Ռուսաստանի ջանքերով 1921-ին անվավեր ճանաչվեց (տես Կարսի պայմանագիր 1921)։

Գրկ. Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (փաստաթղթերի և նյութերի ժող.), Ե., 1960։ Եսայան Ա., Հայաստանի միջազգային–իրավական դրությունը, 1920-1922, Ե., 1967։ Պ. Մայիլյան