Jump to content

ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐԵՏԻ ՍԱՆՋԱՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼԵՔՍԱՆԴՐԵՏԻ ՍԱՆՋԱՔ, Ալեքսանդրետ, Ալեքսանդրեկ (թուրք. Իսկենդերուն) քաղաքին հարող մարզի նախկին անվանումը (այժմ՝ Թուրքիայի Հաթայ վիլայեթը)։ XI–XIV դդ. Ա. ս–ի տերիտորիայի զգալի մասը մտնում էր Հայկական Կիլիկիայի կազմի մեջ։ Տարածությունը՝ 5000 կմ²։ Որպես Սիրիայի մի մասը, Ա. ս. 1515–1918-ին գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում։ 1918-ի նոյեմբերին օկուպացրին անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, ուր 1915-ի հուլիս–սեպտ. տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920-ին Ա. ս. մտցվեց Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1936-ին, երբ ըստ ֆրանսսիրիական պայմանագրի Ա. ս. որպես ինքնավար միավոր մտավ Սիրիայի մեջ, Թուրքիան պահանջ ներկայացրեց նրա նկատմամբ։ 1937-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ա. ս. անցավ Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության ներքո։ 1938-ին Ֆրանսիայի համաձայնությամբ Թուրքիան զորք մտցրեց Ա. ս., որից հետո այստեղ ստեղծվեց Հաթայի ինքնավար պետությունը։ 1939-ի հունիսին, հակառակ տեղի ազգաբնակչության կամքին և Սիրիայի ընդդիմությանը, այն միացվեց Թուրքիային։ Բոլոր հայերը (մոտ 40 հզ.) հուլիսի 16–23-ին հեռացան և հաստատվեցին Սիրիայում (Հալեպ, Քեսապ) ու Լիբանանում (Բեյրութ, Այնճար, Սուր)։ Հեռացավ նաև 20 հզ. արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։

Վ. Ալեքսանդրի։