ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՎԱՍԻԼԵ
ԱԼԵՔՍԱՆԴՐԻ (Alecsandri) Վասիլե (1821 – 1890), մոլդավ. և ռումին, գրող, թատերագիր, բանահավաք, հրապարակախոս, Յասսիի թատրոնի հիմնադիր։ Ծնվել է հուլիսի 21-ին, Բակըուում։ Հավաքել է ժողովրդական երգեր և բալլադներ, նրանց ազդեցությամբ գրել «Դոյնաներ» (1843–53) բանաստեղծությունների շարքը; Ա. թատրոնը համարել է ժողովրդին դեմոկրատական ոգով դաստիարակելու դպրոց։ Գրել է «Սադագուրցի Յորգուն» (1844), «Յասսը կառնավալի ժամանակ», «Կիրիցան գավառում» (1852) կատակերգությունները։ «Մեր մարտիկները» բանաստեղծությունների գիրքը նվիրված է թուրքական լծի դեմ ռումին ժողովրդի պայքարին (1877–78)։ Հայտնի են նաև Ա–ի պատմական դրամաները, հատկապես՝ «Դեսպոտ իշխանը» (ներկայացվել է 1879, հրտ. 1880), «Բլանդուզիայի աղբյուրը» և «Օվիդիուս»–ը։
Ա. կապեր է ունեցել հայերի հետ, որպես «Ժունիմեա» գրական ընկերության անդամ ընկերակցել հայազգի մտավորականներին։ Մահացել է օգոստ. 22-ին, Միրչեշտում։
Գրկ. Коробин В., Василе Александри, Кишинев, 1959.
