Jump to content

ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ՓԱՐՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ՓԱՐՈՍ, «աշխարհի յոթ հրաշալիքներից» մեկը, «փարոսների նախահայրը»։ Կառուցվել է Ալեքսանդրիա նավահանգստում, հողաթմբով ցամաքին միացված Փարոս կղզու հյուսիս–արևելյան անկյունում, մ. թ. ա. III դ. (ճարտ. Սոստրատես)։ Ա. փ. մոտ 120 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ էր։ Ստորին հարկն ուներ քառակուսի հատվածք (կողմի երկարությունը՝ 30,5 մ), երկրորդ հարկը՝ ութանիստ, վերին հարկը՝ կլոր (որտեղ վառվում էր կրակը)։ Փարոսը նաև դիտակետ էր ու ամրոց։ Աշտարակի վրա եղել են բրոնզե արձաններ, որոնց մի մասը քամուց շարժվելով հողմացույցի դեր է կատարել։ 1303-ի օգոստ. 7-ի երկրաշարժի ժամանակ Ա. փ. մասամբ քանդվել է, իսկ մոտ 1346-ին՝ լրիվ ավերվել։ Ա. փ–ի տեղում այժմ Կայտ–Բեյ ամրոցն է։