ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ, Ալեքսանդր Մեծ (մ. թ. ա. 356–323), զորավար և պետական գործիչ, Մակեդոնիայի թագավոր՝ մ. թ. ա. 336-ից։ Փիլիպոս II Մակեդոնացու որդին։ Ծնվել է Պելլայում (Մակեդոնիա)։ Ա–ին կրթել և դաստիարակել է Արիստոտելը։ Ռազմական պատրաստությունն անցել է հոր ղեկավարությամբ։ Աչքի էր ընկնում համառ կամքով և քաջությամբ։ Հունական պոլիսների ազատագրական պայքարը ճնշելուց հետո, մ. թ. ա. 334-ի գարնանը Պարսկաստանի դեմ արշավանք սկսեց։ Հունա–մակեդոնական ստրկատերերը ձգտում էին տիրանալ Արևելքի երկրների հարստություններին, ձեռք բերել ստրուկների նոր աղբյուրներ։ Ա. Մ. արշավանքի ժամանակ կիրառեց պատերազմի ու մարտի նոր եղանակներ։ Նա պատերազմը վարում էր ոչ թե հույների «սեզոնային» ստրատեգիայով, այլ անընդմեջ, կլոր տարին։ Սովորաբար, քանակապես զիջելով թշնամուն, Ա. Մ. հմտորեն մանևրում էր, հեծելազորի ու ծանր հետևակի (փաղանգ) համագործակցությամբ հաջողության հասնում գլխավոր հարվածի ուղղությամբ։ Նրա բանակը կարգապահ էր և լավ մարզված։ Մ. թ. ա. 334-ին Ա. Մ–ու զորաբանակը (30000 հետևակ, 5000 հեծելազոր, 160 նավ) անցավ Հելլեսպոնտոսը (այժմ՝ Դարդանել) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնեց պարսիկներին։ Այնուհետև գրավեց Փոքր Ասիայի հունական քաղաքները, որոնք ձգտում էին ազատվել պարսկական լծից, և ինքնավարություն տվեց նրանց։ Մ. թ. ա. 333-ի աշնանը պարսից Դարեհ III թագավորը փորձեց ոչնչացնել հունա–մակեդոնական զորքերն Իսոս քաղաքի մոտ, բայց կրկին պարտվեց և փախավ։ 332-ին Ա. Մ., ընկճելով փյունիկյան Տյուրոս քաղաքի դիմադրությունը, գրավեց ծովափնյա բոլոր նավահանգիստները, որով պարսկական նավատորմը զրկեց հենակետերից և ապահովեց իր տիրապետությունը ծովում։ Մ. թ. .332–331-ի ձմռանը Ա. Մ. առանց դիմադրության գրավեց Եգիպտոսը։ Քրմերը նրան պաշտոնապես ճանաչեցին Եգիպտոսի թագավոր։ Նույն տարում մտավ Միջագետք և Տիգրիսի ափին՝ Գավգամելայի ճակատամարտում (տես Գավգամելայի ճակատամարտ մ. թ. ա. 331) ջախջախեց պարսիկներին, գրավեց Բաբելոնը և իրեն հայտարարեց Աքեմենյանների օրինական հետնորդ։
Ա. Մ. Հայաստան չարշավեց և չնվաճեց այն, բայց Գավգամելայի ճակատամարտից հետո Հայաստանի սատրապ նշանակեց Միհրան անունով մի պարսիկի, որը, սակայն, չկարողացավ մտնել Հայաստան և պաշտոնավարել։ Երեք տարի անց Ա. Մ. Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս ուղարկեց Հայաստան՝ Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով, բայց հայերը վռնդեցին հունա–մակեդոնական զորքերին և ճակատամարտում սպա– նեցին Մենոնին։ Գավգամելայի ճակատամարտից հետո Ա. Մ–ու չնվաճած Աքեմենյան տիրապետությունները, այդ թվում և Հայաստանը, անկախացան։ Երվանդ III՝ Մեծ Հայքում և Միթրաուստեսը՝ Փոքր Հայքում հիմնեցին ինքնուրույն թագավորություններ։
Իր իշխանությունն ամրապնդելու համար Ա․ Մ. հիմնեց մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնք մեծ մասամբ կրում էին Ալեքսանդրիա անունը։ Շարունակելով արշավանքը՝ Ա. Մ. մ. թ. ա. 330-ին գրավեց Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասը, իսկ 329-ին ներխուժեց Միջին Ասիա։ Բակտրիայի ու Սողդիանայի բնիկների ուժեղ դիմադրությունը և բանակում ծագած խռովությունները ճնշելուց հետո, 327-ի գարնանը մտավ Արևմտյան Հնդկաստան և 326-ին գրավեց Փենջաբը։ Ա. Մ. նպատակ ուներ շարունակել արշավանքը դեպի Գանգես, բայց հանդիպեց հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը։ Մ. թ. ա. 324-ին, ստիպված, բանակին հրամայեց վերադառնալ կայսրության մայրաքաղաք Բաբելոն։ Այստեղ նոր արշավանքների նախապատրաստվելիս՝ Ա. Մ. մահացավ մ. թ. ա. 323-ի հունիսի 13-ին, դողէրոցքից։ Նրա ստեղծած վիթխարի, բայց անկայուն տերությունը, չունենալով ներքին տնտեսական միասնական հիմք, տրոհվեց մի շարք պետությունների։ Ա. Մ–ու արշավանքներն օգնեցին առժամանակ հաղթահարելու ստրկատիրական կարգերի ճգնաժամը, նպաստեցին Արևելքի ու Արևմուտքի մերձեցմանը, նրանց տնտեսության ու մշակույթի աշխուժացմանը՝ սկիզբ դնելով հելլենիզմին։
Գրկ. Ռեզնիկով Ի., Ալեքսանդր Մակեդոնացի, Ե., 1941։ Վիլլեր Բ., Մեծն Ալեքսանդր, պատմա–կենսագր. տեսություն, Վաղ–պատ, 1903։
