ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՏՈ
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Արտո Ասատուրի (1892–1971), հայ համաճարակագետ։ Բժշկական գիտ. դ–ր, պրոֆեսոր (1940), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1955), ՍՍՀՄ ԲԳԱ իսկական անդամ (1960)։ Ծնվել է օգոստոսի 29-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1916) և Կովկասյան ռազմաճակատում ծառայել որպես զինվորական բժիշկ։ 1920–26-ին աշխատել է Նոյեմբերյանի, Դիլիջանի և Նոր Բայազետի շրջաններում որպես տեղամասային և սանիտարական բժիշկ։ Ա. 1927-ին կազմակերպել է Հայաստանի առաջին սանհիգիենիկ լաբորատորիան (Երևան), որը հետագայում վերածվել է համաճարակագիտության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի։ 1935-ից մինչև իր մահը ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի համաճարակագիտության ամբիոնը։ Ա–ի գիտական աշխատությունները նվիրված են ընդհանուր համաճարակագիտության, երկրամասային ախտաբանության, իմունիտետի (անընկալունություն), համաճարակային հիվանդությունների կանխարգելման և հատկապես դիֆթերիայի ու աղիքային հիվանդությունների հարցերին։ Ա. ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գիտա–բժշկական խորհրդի և ՀՍՍՀ մանրէաբանների, համաճարակագետների ու վարակագետների ընկերության նախագահն էր։ Մահացել է հունվ. 5-ին, Երևանում։
Երկ. Ընդհանուր և մասնավոր էպիդեմիոլոգիա, Ե., 1960։ Վակցինաներ, շիճուկներ և բակտերիոֆագեր, Ե., 1965 (հեղինակակիցներ Ն. Հ. Գասպարյան, Կ. Մ. Դեդձունյան, Մ. Պ. Ջամբազյան)։ Дифтерия, M., 1957.
