ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԳԱՌՆԻԿ
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Գառնիկ Լևոնի (ծն. 1904), հայ երկրաֆիզիկոս։ Ֆիզ. գիտությունների դ–ր (1937, Սորբոն)։ Ծնվել է դեկտեմբերի 10-ին, Պարտիզակում։ Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1923)։ Բարձրագույն կրթությունն ստացել է Ֆրանսիայում (1925–31)։ 1932-ից դասավանդել է Ֆրանսիայի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1955–67-ին գլխավորել է Ֆրանսիայի ածխարդյունաբերության գիտահետազոտական կենտրոնի սպեկտրոսկոպիայի, ապա x ճառագայթների և հանքաբանության լաբորատորիաները։ 1957-ից եղել է այդ կենտրոնի գլխավոր ինժեները, ապա՝ գիտական խորհրդականը։ Ներկայումս Ֆրանսիայի արդյունաբերական գիտական զարգացման մինիստրության գլխավոր ինժեներն է։ Ա–ի աշխատու– թյունները նվիրված են ռեգիոնալ և կիրառական երկրաֆիզիկայի, ֆիզիկական քիմիայի հարցերին, քարածխի, նավթի և գազի հանքավայրերի առաջացման երկրաքիմիական և լիթոլոգիական պայմանների ուսումնասիրությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է «Պատերազմական խաչ» շքանշանով։ Ֆրանս. կառավարությունը Ա–ին գիտական ծառայությունների համար արժանացրել է «Շեվալիե դը լ՛օրդր նասիոնալ դյու մերիթ» («Համազգային գնահատանքի ասպետ») տիտղոսին։
