ՀՍՀ/ԱԼԵՔՍԵՅ ՍԻԽԱՅԼՈՎԻՉ
ԱԼԵՔՍԵՅ ՄԻԽԱՅԼՈՎԻՉ (1629-1676), ռուսական ցար (1645-ից)։ Միխայիլ Ֆեոդորովիչի որդին։ Ձգտում էր բացարձակ միապետության, պայքարում եկեղեցու հավակնությունների դեմ, նսեմացնում բոյարական Դումայի դերը։ Ա. Մ–ի արտաքին քաղաքականության ամենակարևոր հաջողությունն էր Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ (1654)։ Նրա օրոք ուժեղացան գյուղացիության ֆեոդալական շահագործումը և քաղաքային բնակչության ֆինանսական կողոպուտը, բռնկվեցին Մոսկվայի ապստամբությունները (1648, 1662), գյուղացիական պատերազմը Ռազինի առաջնորդությամբ (1670–71)։ Ա. Մ–ի Մաքսային (1653) և Նոր առևտրական (1667) կանոնադրությունները նպաստեցին ներքին և արտաքին առևտրի ծավալմանը։ Ա. Մ–ի ժամանակ աշխուժացան հայ–ռուսական հարաբերությունները։ Ռուս. արքունիքի հետ կապեր հաստատեցին Նոր Ջուղայի հայ վաճառականները, որոնք ցանկանում էին Ռուսաստանի վրայով իրանական մետաքսը Եվրոպա արտահանելու և եվրոպական ապրանքներ Իրան ներմուծելու արտոնություն ստանալ։ 1660-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Սպահանից Մոսկվա եկած հայ վաճառականներից խոջա Զաքար Սահրատյանը Ա. Մ–ին նվիրեց «Ալմաստե գահ»։ Մոսկվայի դիվանագիտական ատյանում Զ. Սահրատյանին առաջարկեցին Մոսկվա ուղարկել «… ոսկեգրողների, ոսկու և արծաթի գործի վարպետների, հղկողների, ամեն տեսակ նկարիչների»։ 1667-ին Ա. Մ–ի հրավերով Իրանից Մոսկվա մեկնեց հայ նկարիչ Բոգդան Սալթանովը և նշանակվեց պալատական նկարիչ։ Նույն թվականին Նոր Ջուղայի «Հայկական առևտրական ընկերության հետ» կնքվեց պայմանագիր, որով հայ վաճառականներն ստացան տարանցիկ առևտրի իրավունք և մաքսային արտոնություններ։ Հայ ազատագրական շարժման գործիչներ Գրիգոր Լուսիկենցը (Լուսիկով), Վասիլ Դաուդովը, Հակոբ Ջուղայեցին, Գանձասարի Պետրոս կա թողիկոսը ձգտում էին Ա. Մ–ի արքունիքի հետ ունեցած կապերն օգտագործել Հայաստանի ազատագրման խնդրում Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական աջակցությունն ստանալու համար։
Գրկ. Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 2, Ե., 1959։ Армяно-русские отношения в XVII в., сб. документов, т. 1, Е., 1953.
