ՀՍՀ/ԱԼԹԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍ
ԱԼԹԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՌՍՖՍՀ–ում, կազմվել է 1937-ի սեպտեմբերի 28-ին։ Տարածությունը՝ 261,7 հզ․ կմ²։ Ա․ ե–ի մեջ է մտնում Լեռնային Ալթայի Ինքնավար Մարզը։ Բաժանվում է 63 շրջանի, ունի 9 քաղաք, 29 քաղաքատիպ ավան, կենտրոնը՝ Բառնաուլ։
Բնությունը։ Հս–արմ․ մասը հարթավայրային է (Կուլունդայի տափաստան), հվ–արլ–ում Ալթայի լեռնային համակարգն է Բելուխա գագաթով (4506 մ)։ Օգտակար հանածոներից են՝ երկաթը, գունավոր ու հազվագյուտ մետաղները, աղերը (լճերում)։ Կլիման ցամաքային է, հարթավայրային մասում հունվ․ միջին ջերմասսփճանը՝ -19°C, հուլիսինը՝ 18,9°C։ Տարեկան տեղումները՝ 300–600 մմ, լեռնալանջերին՝ 1000 մմ։ Գլխավոր գետը Օբն է՝ Չումիշ, Չարիշ և Ալեյ վտակներով։ Նշանավոր են Տելեցկոյե և Կուլունդայի լճերը։ Հարթավայրերում հիմնականում տարածված են սևահողերը, արմ․ մասում՝ շագանակագույն հողերը։ Տերիտորիայի մոտ 1/3 անտառածածկ է։ Բնորոշ ծառատեսակներն են՝ կաղամախին, եղևնին, մայրին։
Բնակչությունը։ Ա․ ե–ում բնակվում է 2638 հզ․ մարդ (1972), գլխավորապես` ռուսներ (85%), կան նաև ուկրաինացիներ, ալթայցիներ, բելոռուսներ և ուրիշներ։ Միջին խտությունը 1 կմ² վրա 10,1 մարդ։ Քաղաքային բնակչությունը` 48%։ Գլխավոր քաղաքները Բառնաուլ, Բիյսկ, Ռուբցովսկ, Զմեինոգորսկ։
Տնտեսությունը։ Ա․ ե․ Սիբիրի գյուղատնտեսական ամենահզոր շրջանն է։ Ունի նաև բազմապիսի արդյունաբերություն (լեռնա–հանքային, մեքենաշինական, սննդի, տեքստիլ, անտառային և փայտամշակման)։ Մեքենաշինական ձեռնարկությունները տեղաբաշխված են Բառնաուլում, Բիյսկում, Ռուբցովսկում, ինչպես նաև Չեսնոկովկայում և Սլավգորոդում․ արտադրում են շարժիչներ, շոգեկաթսաներ, տրակտորներ, գյուղատնտեսական մեքենաներ, երկաթուղային վագոններ ևն։ Արդյունահանվում են գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Տեքստիլ արդյունաբերության ճյուղերից առանձնապես զարգացած է բամբակե գործվածքների և արհեստական թելերի արտադրությունը (գլխպվորապես՝ Բառնաուլում), Բիյսկում կա վուշագործվածքային ֆաբրիկա։ Մեծ նշանակություն ունի կաշվի, մորթեղենի–մուշտակեղենի արտադրությունը։ Սննդի արդյունաբերության մեջ աչքի է ընկնում յուղի (Արևմտյան Սիբիրի յուղի արտադրության 30%), պանրի և շաքարի արտադրությունը։ Վարելահողերը կազմում են 7,1 մլն․ հա։ Հիմնականում ցանում են ցորեն (4,3 մլն․ հա), կերային կուլտուրաներ (1,5 մլն․ հա), մշակում են նաև եգիպտացորեն և վարսակ, տեխնիկական կուլտուրաներից՝ շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, կանեփ, վուշ։ Ունի 2060 հզ․ գլուխ խոշոր, 2770 հզ․ գլուխ մանր եղջերավոր անասուն, 727 հզ․ գլուխ խոզ (1967)։ Ստեղծվել են բծավոր եղջերուների և մարալների բուծման (պանտեր ստանալու համար) խոշոր տնտեսություններ։ Երկաթուղագծերի երկարությունը՝ 1710 կմ։ Գլխավոր մայրուղիներն են՝ Նովոսիբիրսկ–Բառնաուլ–Ռուբցովսկ–Սեմիպալատինսկ և Արտիշտա–Բառնաուլ–Կուլունդա–Պավլոդար։ Նավարկելի են Օբը և նրա մի քանի վտակները։ Ավտոմոբիլային ճանապարհներից կարևոր է Չուլայի տրակտը, որն սկսվում է Բրիյսկից և Լեռնային Ալթայով անցնում ՄԺՀ։
Ա․ե․-ում կան պոլիտեխնիկական, բժշկական, գյուղատնտեսական (Բառնաուլում), մանկավարժական (Բառնաուլում, Բիյսկում, Գոռնո–Ալթայսկում) ինստ–ներ, մեքենաշինական ինստ–ի մասնաճյուղ (Ռուբցովսկում), 33 միջնակարգ մասնագի–տական ուսումնական հաստատություն։
