Jump to content

ՀՍՀ/ԱԼԻԶԱՐԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼԻԶԱՐԻՆ, 1,2– դիօքսիանտրաքինոն, , օրգ. միացություն, բնական ներկանյութ։ Իբրև այդպիսին օգտագործվել է դեռևս հին դարերում, (նաև՝ Հայաստանում)։ Առաջին ներկանյութն է, որ սինթեզվել է արհեստական ճանապարհով (Կ. Գրեբե և Կ. Լիբերման, 1869)։ Նարնջագույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 290° C, եռմանը՝ 430° C։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ քացախաթթվում, բենզոլում և ալկալիների լուծույթներում։ Ա–ի խիտ լուծույթը կարմիր է, նոսրը՝ կապտամանուշակագույն։ Արդյունաբերության մեջ ստանում են անտրաքինոնսուլֆաթթուն օքսիդիչի առկայությամբ, կծու կալիումի հետ հալելով։ Ա. պարունակում են տորոնի արմատները (4,4–6,8% անտրաքինոնային գլյուկոզիդներ)։ Տորոնի մշակումը Եվրոպայում սկսվել է XVIII դ. կեսերին, երբ Հ. Ալթունյանը (Ալթըն Ժան) նրա սերմերը Անատոլիայից տարել է Ֆրանսիա։ Ա. և այլ բազմաօքսիանտրաքինոններ հայտնի են ալիզարինային ներկանյութեր անունով։ Մի շարք մետաղների հետ Ա–ի միացությունները վառ գունավորված, կայուն, անլուծելի լաքեր են։ Տարածված է վառ կարմիր ալյումինական լաքը, որից պատրաստում են բարձրորակ և կայուն գեղարվեստական ներկեր։ Ալիզարինային ներկանյութերը, որոնք կայուն են օճառի, շփման, լույսի նկատմամբ, օգտագործում են բամբակը, վուշը, բուրդը, մետաքսը ներկելու համար։