ՀՍՀ/ԱԼԼՈԴ
ԱԼԼՈԴ (զերմ. Allod, հին վերին-գերմ. al – լրիվ, ամբողջ + od – տիրույթ), ֆեոդալական պարտույթից ազատ հողային սեփականություն վաղ միջնադարյան Եվրոպայում։ Նրա մնացուկները պահպանվել էին զարգացած ֆեոդալիզմի շրջանում։ Ա. գերմանական ցեղերի մոտ փոխարինել է սեփականության համայնական ձևին, տարածվել Արևմտյան Հռոմեական կայսրությունում առաջացած «բարբարոսական» պետություններում։ Սկզբում Ա. ժառանգման սահմանափակ իրավունքով շարժական ու անշարժ ունեցվածք էր, հետագայում՝ հողային սեփականություն, որ ազատ էր ֆեոդալական պարտույթից։ Ֆեոդալական հարաբերությունների զարգացման ընթացքում մանր ալլոդատերերի հողաբաժիններն անցան ֆեոդալական խոշոր տնտեսություններին։ Միաժամանակ խոշոր և միջակ հողատերերի Ա–ներն աստիճանաբար տեղի տվեցին պայմանական ֆեոդալական սեփականությանը՝ բենեֆիցիումին, ապա՝ ֆեոդին։ Սակայն ալլոդային սեփականությունն ինչ–որ չափով պահպանվեց Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում (գլխավորապես՝ Սաքսոնիայում) և հատկապես Հարավային Ֆրանսիայում ու Սկանդինավիայում։ Մերձավոր և Միջին Արևելքում Ա–ին մոտավորապես համապատասխանում էր մյուլքը, ռուսական պետության մեջ՝ վոտչինան, Հայաստանում՝ «հայրենիքը»։
