ՀՍՀ/ԱԼԿՈՀՈԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
ԱԼԿՈՀՈԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ, ալկոհոլագարություն, գինեմոլություն, հիվանդություն։ Առաջանում է ոգելից խմիչքների սիստեմատիկաբար օգտագործումից և բնորոշվում է դեպի այդ խմիչքներն ունեցած անզուսպ հակումով, ֆիզիկական ու հոգեկան վիճակի խանգարմամբ և այդ հիվանդությամբ տառապող անհատի ու հասարակության հարաբերությունների խախտմամբ։ Ոգելից խմիչքների օգտագործման հետևանքով օրգանիզմում առաջացած հիվանդագին փոփոխությունների համակցումն առաջին անգամ (1849) Ա. է անվանել շվեդացի բժիշկ, հասարակական գործիչ Մ. Հուսը։ Հարբեցողությունը (ոգելից խմիչքների ոչ չափավոր օգտագործումը), որպես հակահասարակական արարք, չպետք է շփոթել Ա–յան հետ։ Հարբեցողությունը հիվանդություն չէ, թեև Ա. է ծնում։ Ալկոհոլը, ներծծվելով օրգանիզմի մեջ, առաջին հերթին ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Ալկոհոլային սուր հարբեցում (սովորական), սուր թունավորում, որն արտահայտվում է կենդանի օրգանիզմի ֆունկցիաների, հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի ժամանակավոր խանգարումներով։ Ալկոհոլ ընդունելուց հետո մարդու դեմքը կարմրում է, աչքերն ստանում են յուրահատուկ փայլ, պուլսն արագանում է, մարմինը թեթևակի տաքանում և քրտնարտադրությունն ուժեղանում է։ Հարբածի տրամադրությունը բարձրանում կամ ընկնում է։ Նա շատախոսում, ծիծաղում կամ լաց է լինում, դառնում կոպիտ և սանձարձակ։ Սկսվում է գլխապտույտ, սրտխառնություն, փսխում, երբեմն նույնիսկ՝ ակամա միզարձակություն և կղում, ապա հաջորդում է մղձավանջային քունը։
Քրոնիկական Ա. հիվանդագին հակում է ալկոհոլի հանդեպ, երբ օրգանիզմն ընտելանում է ալկոհոլային խմիչքներին (անկախ քանակից) և աստիճանաբար ենթարկվում նյարդային ու հոգեկան ախտաբանական փոփոխությունների։ Ալկոհոլամոլի դեմքը փքվում, այտուցվում է, հետագայում՝ նիհարում և թորշոմում։ Հաճախ առաջանում են ստամոքսաբորբ, լյարդի ճարպային կազմափոխություն և ցիրոզ, սիրտ–անոթային համակարգի լուրջ խանգարումներ, «C» և «B» վիտամինային կոմպլեքսի նվազում, արյունահոսային բորբոքումներ հավասարակշռության և կոորդինացիայի խանգարումներ, բազմանյարդաբորբ, ձեռքերի, մատների, լեզվի, կոպերի և շրթունքների դող, զանազան տարազգայնություններ։ Քրոնիկական Ա–յան վերջին շրջանում օրգանիզմի դիմադրողականությունն ալկոհոլի նկատմամբ խիստ իջնում է, խոր փոփոխությունների են ենթարկվում ալկոհոլա– մոլի հոգեկան ֆունկցիաները (հիշողության խանգարումներ, թուլամտություն, հոգեկան ծանր հիվանդություններ)։
Քրոնիկական Ա–յան հետևանք են ալկոհոլային պսիխոզները՝ սպիտակ տենդ, կորսակովյան պսիխոզ, ալկոհոլային հալյուցինոզ, ալկոհոլային ախտաբանական հարբեցություն, ալկոհոլային զառանցանք (խանդի, հետապնդման, թունավորման)։ Ա. սոցիալական չարիք է։ Ա–յամբ տառապող հիվանդները խիստ վտանգավոր են շրջապատի համար։ Ա–յան մշտական ուղեկիցներն են՝ աշխատունակության անկումը, դժբախտ պատահարները, իրավախախտումները, խուլիգանությունը, կողոպուտը, մարդասպանությունը։
Ա–յան կանխարգելմանը նպաստում է հակաալկոհոլային պրոպագանդան՝ ակումբներում, կինոնկարների, ռադիոյի, մամուլի միջոցով։ ՍՍՀՄ–ում այն իրագործվում է նաև հատուկ հիմնարկների (ալկոհոլամոլներին սթափեցնող ընդունարաններ) օգնությամբ։ Ա. բուժում են նյարդա–հոգեբուժական հիվանդանոցներում, օրգանիզմը թունազերծող և նյարդային համակարգն ուժեղացնող դեղանյութերի, զրույցների ու հիպնոսի միջոցով կատարվող ներշնչումների, ապոմորֆինի կամ անտաբուսի միջոցով բացասական պայմանական ռեֆլեքսի մշակման, ֆիզիոթերապևտիկական և աշխատանքային միջոցառումներով։
ԱՄՆ–ում, Շվեդիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում ևն սպիրտային խմիչքների արտադրության և վաճառքի արգելման մասին օրենքներն իրենց չեն արդարացրել։ Բելգիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում տարբեր ժամանակներում օրենքներով արգելվել են որոշակի թնդության սպիրտային խմիչքները։ 1865-ին Շվեդիայում կիրառվեց այսպես կոչված Գոտենբուրգյան սիստեմը, որի համաձայն ալկոհոլային խմիչք վաճառվում էր միայն տաք կերակուրների հետ։ Այդ օրենքի փոխարեն 1919-ին (մինչև 1955–57) ընդունվեց քարտային սիստեմ, որը ընտանիքին թույլատրում էր ամսական օգտագործել 4 լ սպիրտային խմիչք։ Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու վաճառքը արգելված է եղել 1914-ից մինչև 1925-ը։ Սակայն դա հասցրեց այն բանին, որ, օրենքը շրջանցելով, գինու և օղու փոխարեն օգտագործում էին «տնային ինքնաթոր օղի» ևն, որոնք ավելի վնասակար ազդեցություն էին ունենում օրգանիզմի վրա։ 1972-ի հունիսին ՍՄԿԿ Կենտկոմը որոշում ընդունեց հարբեցողության և Ա–յան դեմ պայքարը ուժեղացնելու միջոցառումների մասին։ Այդ կապակցությամբ ՍՍՀՄ Մինիստրների սովետը որոշեց 1972–75-ին կրճատել երկրռւմ օղու և այլ թունդ սպիրտային խմիչքների արտադրությունը և վաճառքը։ Մշակվեցին նաև միջոցառումներ՝ հարբեցողության և Ա–յան հետևանքով աշխատանքային կարգապահության և սոցիալիստական համակեցության կանոնների խախտումների դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ։
Գրկ. Հովհաննիսյան Վ. Հ., Ալկոհոլիզմը և պայքարը նրա դեմ, Ե., 1965։
