Jump to content

ՀՍՀ/ԱԼՄԱ–ԱԹԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼՄԱ–ԱԹԱ (ղազախ. Ալմաթի՝ խնձորուտ, մինչև 1921՝ Վեռնի), Ղազախ. ՍՍՀ մայրաքաղաքը (1929-ից), Ալմա–Աթայի մարզի կենտրոնը։ Գտնվում է Անդրիլիական Ալա–Թաու լեռնաշղթայի հյուսիսային լանջին, բարձր. 650–950 մ։ Երկաթուղային կայարան է Նովոսիբիրսկ–Տաշքենդ մայրուդու վրա։ Ունի օդանավակայան։ 776 հզ. բն. (1972)։ Հիմնադրվել է 1854-ին, ղազախական Ալմաթի բնակավայրի տեղում՝ որպես ռուսական ռազմական ամրոց։ 1867-ից նղել է Սեմիրեչիեի մարզի կենտրոն։ Վեռնիում է սովորել (1894–1904) և իր հեղափոխական գործունեությունն սկսել Մ. Վ. Ֆրունզեն։ Բոլշևիկյան կազմակերպությունը քաղաքում ստեղծվել է 1917-ին, սովետական իշխանություն հաստատվել՝ 1918-ի մարտին։

Ա. Ղազախ. ՍՍՀ արդյունաբերական և գիտական կենտրոնն է։ Սննդի արդյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 36, թեթև արդյունաբերությունը՝ 31, մեքենաշինությունն ու մետաղամշակությունը 20%։ Խոշոր ձեռնարկություններից են՝ ծանր մեքենաշինության և էլեկտրատեխնիկական գործարանները, մսի և մրգի պահածոների, կաթի, ծխախոտի, ալրաղաց–ձավարեղենի, տեքստիլ կոմբինատները, մանարանը, տրիկոտաժի, մահուդի, կոշիկի, մուշտակի, կարի ֆաբրիկաները, կաշվի գործարանը, պոլիգրաֆկոմբինատը։

Նկարում` Ալմա–Աթա։ Կառավարական տանը։

1970/71 ուս. տարում Ա–ում ուսանում էր՝ հանրակրթական դպրոցներում՝ 139 հզ. աշակերտ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 26,4 հզ. սովորող։ Ա–ում գործում է 12 բուհ, որի թվում՝ Կիրովի անվ. պետական համալսարանը (1934-ից), պոլիտեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական և այլ ինստիտուտներ, Պ. Չայկովսկու անվ. կոնսերվատորիան։ 1970/71 ուս. տարում բուհերում սովորում էր 66,9 հզ. ուսանող։ Ա–ում են գտնվում Ղազախ. ՍՍՀ գիտությունների ակադեմիան և նրա գիտահետազոտական ինստիտուտները (1972)։ Քաղաքում կա 6 թատրոն, 3 թանգարան, 115 գրադարան, 80 ակումբային հիմնարկ։ Գործում է հանրապետական հեռուստակենտրոնը։ 1970-ին Ա–ում աշխատող բժիշկների թիվը 5931 էր, միջին բուժանձնակազմինը՝ 10291 (համապատասխանաբար 81,4 և 141,3 բուժաշխատող ամեն 10.000 բնակչին)։ Ա. լայն, ուղղաձիգ, կանաչապատ պողոտաներով և նորակառույց բնակելի զանգվածներդվ գեղեցիկ քաղաք է։ Ա–ի ճարտարապետական խոշոր կառույցներից են՝ գլխավոր փոստատունը (1931–34), բժշկական ինստ–ը (1939), օպերայի և բալետի թատրոնը (1941), կառավարական տունը (1958), Ղազախ. ՍՍՀ ԳԱ գլխավոր շենքը (1957), «Ղազախստան» հյուրանոցը (1960), դրամատիկ թատրոնը (1963) ևն։ Քաղաքում աչքի են ընկնում Վ. Ի. Լենինի (1958), Ամանգելդի Իմանովի (1950) և Աբայի (1960) հուշարձանները։