Jump to content

ՀՍՀ/ԱԼՄԱ–ԱԹԱՅԻ ՄԱՐԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼՄԱ–ԱԹԱՅԻ ՄԱՐԶ, Ղազախ. ՍՍՀ–ում։ Կազմվել է 1932-ի մարտի 10-ին։ Տարածությունը՝ 104,7 հզ. կմ²։ Բաժանվում է 10 շրջանի, ունի 4 քաղաք, 7 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Ալմա–Աթա։

Բնությունը։ Մարզի հս. մասը զբաղեցնում է Սեմիրեչիե հարթավայրը (300–500 մ), հվ՝. մինչև 5000 մ բարձրության Կետմեն, Անդրիլիական Ալա–Թաու և այլ լշ–ները։ Կլիման հս. մասում խիստ ցամաքային է։ Հունվ. միջին ջերմաստիճանը՝ –9°C, –10°C, հուլիսինը՝ 24°C, տարեկան տեղումները՝ 110 մմ։ Նախալեռնային գոտում կլիման մեղմ է, տեղումները՝ 500–600 մմ, լեռներում՝ 700–1000 մմ՝. Ամենամեծ գետը Իլին է։ Հս–ում տարածված են կավային գորշ սևահողեր, մոխրագույն հողեր և աղուտներ։ Իլիի հովտում՝ ալյուվիալ մարգագետնային, լեռներում՝ շագանակագույն, սևահողանման, լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողեր։ Բուսականությունը անապատային և կիսաանապատային է։

Բնակչությունը։ Ա. մ–ում բնակվում է 1526 հզ. մարդ (1972), ղազախներ, ռուսներ, ուկրաինացիներ, ույգուրներ և այլք։ Բնակչության 50,9% կենտրոնացած է Ալմա–Աթայում։ Միջին խտությունը 1 կմ² վրա 14,6 մարդ է։ Քաղաքային բնակչությունը կազմում է 60,2%։ Քաղաքներն են՝ Ալմա–Աթա, Տալգար, Կասկելեն, Իսսիկ։

Տնտեսությունը։ Զարգացած են մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, սննդի և թեթև արդյունաբերությունը։ Կարևորագույն ձեռնարկությունները կենտրոնացած են Ալմա–Աթայում։ Տալգարում կան թաղիքագործական և կարի ֆաբրիկաներ, սպիրտի գործարան, Ֆաբրիչնիում՝ մահուդի կոմբինատ, Բուրունդայում՝ շաքարի և աղյուսի գործարաններ, Իլիյսկում՝ ձկնագործարան։ Ոռոգովի հողագործության մարզ է։ Մշակում են հացահատիկ (75% ցորեն, նաև գարի, վարսակ, կորեկ, եգիպտացորեն, բրինձ), տեխնիկական կուլտուրաներ (շաքարի ճակնդեղ, ծխախոտ)։ Զարգացած են այգեգործությունն ու պտղաբուծությունը։ Անասունների գլխաքանակի մեջ գերակշռում են ոչխարներն ու այծերը։ Մարզում անասունների գլխաքանակը կազմել է (առ 1 հունվ. 1971). մանր եղջերավորներինը՝ 2578,1 հզ., խոշոր եղջերավորներինը՝ 303,8 հզ., խոզերինը՝ 61,4 հզ., ձիերինը՝ 81,4 հզ.։ Երկաթուղային ցանցը կազմում է 250 կմ։ Բալխաշ լիճը և Իլի գետը նավարկելի են։ Ժողովրդական տնտեսության զարգացման ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար մարզը երկու անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով։