Jump to content

ՀՍՀ/ԱԼՅԱՆԱՔ ՀՐԱՆԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼՅԱՆԱՔ Հրանդ Հովսեփի (1880–1938), հայ նկարիչ։ Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է տեղի Գեղարվեստի վարժարանում։ 1896-ին հեռացել է Թուրքիայից, անցել Բուլղարիա, ապա՝ Անդրկովկաս։ Ստեղծագործական առաջին քայլերն արել է Թիֆլիսում և Բաքվում։ 1905-ից հաստատվել է Փարիզում։ Ա–ի ստեղծագործությունները, հիմնականում մեղմ տրամադրությամբ համակված, բնության խաղաղ ու հաճելի տեսարաններ են, որոնք ունեն տաք բներանգ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են «Անկախների սալոնում» (1925, «Մայրամուտը Պոլսի նավահանգստում», «Պոլսի ձկնորսների ապաստարանը»), Հայ ազատ արվեստագետներու միության ցուցահանդեսում (1934, «Գարնանային ժպիտ», «Բնանկար», «Լուսնային էֆեկտ»)։ Ա. արվեստաբանական հոդվածներ է տպագրել հայկական մամուլում և, որպես ֆրանսիական արվեստի մեկնաբան ու մասսայականացնող, ֆրանսիական կառավարության կողմից 1923-ին պարգևատրվել է «Պալմ ակադեմիկ» (Palme académique – ակադեմիական արմավենու շյուղ) արծաթե պատվանշանով և ստացել «Ակադեմիայի պաշտոնատար» աստիճանը, 1927-ին՝ նույն պատվանշանի ոսկե մեդալով և արժանացել «Հանրային կրթության պաշտոնատար» տիտղոսին։ Մահացել է Փարիզում։ Վ. Հարությունյան