Jump to content

ՀՍՀ/ԱԼՅԱՍԿԱ (ՆԱՀԱՆԳ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼՅԱՍԿԱ (Alaska), նահանգ (1959-ից) ԱՍՆ–ում, Հյուսիսային Ամերիկայի ծայրագույն հյուսիս–արևմուտքում։ ԱՄՆ–ի հիմնական տերիտորիայից անջատված է Կանադայով։ Տարած. 1518,8 հզ. կմ² է, բաղկացած է մայրցամաքային մասից և մեծ թվով կղզիներից (Ալեքսանդրի արշիպելագ, Ալեության կղզիներ, Կադյակ կղզի ևն)։ Բնակչությունը՝ 294,6 հզ. (1970), այդ թվում բնիկներ (էսկիմոսներ, հնդկացիներ, ալեութներ)՝ մոտ 44 հզ. (1960)։ Վարչական կենտրոնը՝ Ջունո։ Խաղաղօվկիանոսյան ափը եզրավորված է փշատերև անտառներով ծածկված բարձր լեռնաշղթաներով (Մակ–Քինլի լ., 6193 մ)։ Տերիտորիայի մեծ մասը զբաղեցնում է Յուկոն բարձրավանդակը՝ շրջապատված Բրուքսի, Ալյասկայի և Ալեության լեռնաշղթաներով։ Նշանավոր գետը Յուկոնն է, որը նավարկելի է և հիդրոէներգիայով հարուստ։ Տնտեսության հիմքը ձկնորսությունն է (գլխավորապես՝ սաղմոնազգիներ և հարինգ) ու ձկան վերամշակումը։ Արդյունահանում են՝ ոսկի, պլատին, անագ, նավթ, քարածուխ, սնդիկ, քրոմիտներ։ Կան անտառասղոցման, ցելյուլոզի (Կետչիկան) և թղթի (Ջունո) գործարաններ։ Զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ, կաթնատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Տարածված է մուշտակավոր գազանների որսը։ Ունի մոտ 930 կմ երկաթուղային և 6260 կմ (1964) խճուղային ճանապարհներ, օդանավակայաններ (Ֆերբենքս, Անքորիջ), ռազմածովային և ռազմաօդային բազաներ, ռադիոլոկացիոն կայաններ։ Գործում է Հեյնս Ֆերբենքս նավթամուղը (մոտ 1000 կմ)։

Ա. հայտնազործել են XVII դ. ռուս երկրագնացները։ Մինչև XVIII դ. 30-ական թթ. կեսերը Պ. Նագիբինի, Վ. Բերինգի, Ա. Մելնիկովի, Ի. Ֆեոդորովի, Մ. Գվոզդևի արշավախմբերը կատարեցին Ա–ի առաջին հետազոտությունները, սակայն ընդունված է Ա–ի հայտնադործումը կապել Ա. Չիրիկովի 1741-ի արշավախմբի գործունեության հետ։ 1867-ի մարտի 18(30)–ի պայմանագրով Ռուսաստանը Ա. վաճառեց ԱՄՆ–ին 7,2 մլն. դոլարով (մոտ. 11 մլն. ռուբլի)։