Jump to content

ՀՍՀ/ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, գունավոր մետալուրգիայի ճյուղ, որ միավորում է մետաղական ալյումին արտադրող ձեռնարկություններ։ Ա. ա. ընդգրկում է ալյումինի հանքանյութի արդյունահանումը, կավահողի, էլեկտրոդների և անոդային զանգվածի, ֆտորական աղերի արտադրությունը, մետաղական ալյումինի ձուլումը և դրանից կիսաֆաբրիկատների ստացումը։ Գունավոր մետաղների մեջ արտադրության չափերով և սպառումով ալյումինը գրավում է առաջին տեղը։ Կարևորագույն սպառողներն են ավիացիոն, էլեկտրատեխնիկական, ավտոմոբիլային, մեքենաշինական ու մետաղամշակման և այլ ճյուղերը։ Ալյումինի հիմնական հանքանյութը բոքսիտներն են։

Ա. ա. ծավալվել է 1880-ական թթ., երբ մշակվեցին կրիոլիտա–կավահողային հալույթների էլեկտրոլիզի միջոցով ալյումինի արտադրության և բոքսիտներից կավահող ստանալու եղանակները։ Ա. ա. էներգատար արտադրություն է, ուստի նրա զարգացումը կապված է էլեկտրաէներգիայի էժան աղբյուրների առկայության հետ։

ՍՍՀՄ–ում Ա. ա–յան առաջնեկներն են Վոլխովի (1932) և Դնեպրյան (1933) գործարանները։ Կոլայի թերակղզում, Ուրալում, Աիբիրում, Անդրկովկասում գործում են Ա. ա–յան խոշորագույն ձեռնարկություններ։ 1966–70-ին ՍՍՀՄ–ում ալյումինի արտադրությունն ավելացել է ավելի քան երկու անգամ։ Հայաստանում ալյումինի արտադրության հիմքը դրվեց 1950-ին (տես «ԿԱՆԱԶ»)։ Սոցիալիստական երկըրներից ալյումինի զարգացած արդյունաբերություն ունեն Հունգարիան, ԳԴՀ–ն, Չինաստանը, Ռումինիան։ Ալյումինի զարգացած արդյունաբերություն ունեցող կապիտալիստական երկրներից (1970-ի տվյալներով) ԱՍՆ–ը արտադրել է 3609, Կանադան՝ 971, Ֆրանսիան՝ 387, Ճապոնիան՝ 733, Նորվեգիան՝ 530, ԳՖՀ–ն՝ 309 հզ. տ ալյումին։ Սկզբնական ալյումինի արտադրության 60% վերահսկում են 4 մոնոպոլիաներ՝ 3-ը ամերիկյան՝ «Ալյումինում Քոմփընի Օֆ Ամերիկա» (ԱԼՔՈԱ), «Ռեյնոլդս մեթըլզ Քոմփընի», «Քայզըր ալյումինում էնդ քեմիքըլ քորփորեյշն» և մեկը կանադական՝ «ԱԼՔԷՆ ալյումինում ԼԹԴ» (ԱԼՔԷՆ)։ Արևմտյան Եվրոպայում խոշորագույններն են՝ ֆրանսիական «Պեշինե Ս. Ա.», շվեյցարական «Ալյուսյուիս» և արևմտագերմանական «Ֆերայնիգտե ալյումինում–վերկե ԱԳ» մոնոպոլիաները։