ՀՍՀ/ԱԼՉՈՒՋՅԱՆ ԱԶԱՏ
ԱԼՉՈՒՋՅԱՆ Ազատ Հակոբի (ծն. 1906), հայ սովետական քիմիկոս։ Քիմ. գիտ. դ–ր (1958), պրոֆեսոր (1953), Հայկական ՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է փետր. 18-ին, Ախալցխայում։ Ավարտել է Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական ինստ–ը (1932), ապա աշխատել տեղի բարձր ճնշումների ԳՀԻ–ում։ 1938-ին տեղափոխվել է Երևան և մինչև 1970 անընդմեջ ղեկավարել պոլիտեխնիկական ինստ–ի ընդհանուր և անօրգ. քիմիայի ամբիոնը, այնուհետև նշանակվել պրոֆեսոր–կոնսուլտանտի պաշտոնում։ Եղել է ինստ–ի քիմիա–տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան (1943-47 և 1950-57)։ Ա. զբաղվել է հետերոգեն կատալիզի հարցերով, ուսումնասիրել պալադիումի, նիկելի, կոբալտի և այլ մետաղների կատալիտիկ ազդեցությունը հիդրման ռեակցիաների վրա։ Զբաղվել է նաև Հայկական ՍՍՀ մի քանի հանքանյութերի կոմպլեքսային վերամշակման հարցերով։
Երկ. Բարձրամոլեկուլային սինթետիկ միացություններ, Ե., 1966։
