Jump to content

ՀՍՀ/ԱԼՊՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼՊՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ, լեռներում, Ալպերում և Կովկասի արմ–ում 2200–3500 մ, Հիմալայևերի հվ. լանջերին 3600–5000 մ բարձրության վրա յուրահատուկ (ալպիական) բուսածածկ ունեցող տարածություններ։ ՍՍՀՄ–ում հանդիպում են Մեծ Կովասի, Անդրկովկասի, Կարպատների, Ալթայի և միջինասիական հանրապետությունների բարձր լեռնային շրջաններում։ Անդրկովկասում կազմում են ինքնատիպ ալպյան գոտի՝ ընդարձակ լեռնահարթային տարածություններով և զանազան թեքության լանջերով։ Ա. ա–ում կան ճմային, տորֆային, լեռնա–մարգագետնային հողերի բազմաթիվ տարատեսակներ, որոնք ունեն թույլ հզորություն, խիստ կմախքային են և քարքարոտ։ Կենսաբանական տեսակետից Ա. ա–ում բուսականությունն արտացոլում է միջավայրի առանձնահատուկ պայմանները (խիստ կլիմա, վեգետացիայի կարճատևություն)։ Հողը ծածկված է խիտ, ցածր և տարբեր տեսակի բուսականությամբ։ Բուսածածկի ցածր և գունեղ կազմի շնորհիվ ալպյան ֆիտոցենոզների մի քանի տիպեր «գորգեր» անունն են ստացել։ ՀՍՍՀ–ում Ա. ա. կան գլխավորպես Գեղամա լեռնաշղթայում, Զանգեզուրի լեռներում, Արագածի բարձունքներում և ըստ բուսակազմի լինում են հացազգի, բոշխային, տարախոտային։ Հացազգի Ա. ա–ում գերակշռող բույսերն են՝ ցորնուկները, դաշտավելուկները, շյուղախոտը ևն, բոշխայինում՝ տխուրը, սարասերը և այլ բոշխեր, իսկ տարախոտայինում՝ զանգակիկները, քեմոնը, խառը «տարախոտային գորգերը»։ Ա. ա. ամառային արոտավայրեր են։