ՀՍՀ/ԱԼՊՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱԼՊՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, երկրակեղևի շերտերի ծալքավորություն, որը տեղի է ունեցել մասամբ մեզոզոյան և առավելապես կայնոզոյան դարաշրջաններում։ Բնորոշ դրսևորման շրջաններից են Ալպերը, որից և ծագում է Ա. ծ. անվանումը։ Հաճախ տրիասի, յուրայի և ստորին կավճի ծալքավորությունն առանձնացնում են և անվանում վաղ ալպյան կամ կիմերյան ծալքավորություն։ Այն մարզերում, որտեղ տրիասի նստվածքները ծալքավորված են պերմակարբոնի նստվածքների հետ միասին (Կովկաս, Միջին Ասիա ևն), Ա. ծ–յան համապատասխան մասն անվանում են էպիհերցինյան (տես Հերցինյան ծալքավորություն)։ Ա. ծ. ընդգրկում է (լայն առումով) Խաղաղ օվկիանոսն օղակող լեռների համակարգը (Կորդիլիերներ, Անդեր, Նոր Զելանդիա, Մալայան արշիպելագ, Նոր Գվինեա, Ֆիլիպինյան, Ճապոնական կղզիներ, Սախալին, Կուրիլյան կղզիներ, Կամչատկա, Ալեության կղզիներ, Վերխոյանսկի լեռնաշղթա) և Ալպ–Հիմալայան գեոսինկլինալի տարածման մարզերը։ Ա. ծ–յան սահմաններում գտնվում են համեմատաբար երիտասարդ և բարձր լեռնաշղթաները, ակտիվ սեյսմիկ օջախները, բազմաթիվ գործող և հանգած հրաբուխները, ծանրաթյան ուժի բացասական խոշոր անոմալիաները։ Նորագույն տվյալներով Ա. ծ–յանն են պատկանում նաև համաշխարհային օվկիանոսի հատակում լայնորեն տարածված ստորջրյա լեռնաշղթաները, երկրակեղևի ստորջրյա խզվածքները և խորջրյա տեկտոգենները։ Ա. ծ–յան մարզերը ներդրված են գաբրոպերիդոտիտային և գրանիտային մագմայի բազմաթիվ ինտրուզիաներով, որոնց հետ էլ կապված են մետաղային օգտակար հանածոների բազմազան հանքավայրեր։
