ՀՍՀ/ԱԼՊ–ՀԻՄԱԼԱՅԱՆ ԳԵՈՍԻՆԿԼԻՆԱԼ
ԱԼՊ–ՀԻՄԱԼԱՅԱՆ ԳԵՈՍԻՆԿԼԻՆԱԼ, Միջերկրածովյան գեոսինկլինալ, երկրակեղևի ամենամեծ գեոսինկլինալներից։ Տարածվում է Ատլանայան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս՝ ընդգրկելով Հարավային Եվրոպան, Հարավային ու Հարավ–Արևելյան Ասիան և Հյուսիսային Աֆրիկայի մի մասը։ Ա.–հ. գ–ի երկրաբանական պատմությունը բաժանվում է՝ ա. գեոսինկլինալային էտապի (մեզոզոյ–պալեոգեն, մոտ 215 մլն. տարի)՝ գերազանցապես ծովային ռեժիմով (Թետիս ծով), վայրընթաց տեկտոնական շարժումներով, տրանսգրեսիաներով, նստվածքային ու մագմատիկ ֆորմացիաների կուտակումով, բ. հետգեոսինկլինալային կամ օրոգեն էտապի (նեոգեն–անթրոպոգեն, մոտ 30 մլն. տարի), երբ տիրապետող են դառնում վերընթաց տեկտոնական շարժումները, լեռնակազմական պրոցեսները և այժմյան խիստ մասնատված լեռնային ռելիեֆի ձևերը։ Լեռնակազմական պրոցեսները Ա–հ. գ–ում շարունակվում են հաճախակի ուղեկցվելով, երկրաշարժներով ու հրաբխային երևույթներով։ Ա–հ. գ. կազմված է՝ ա. մեգաանտիկլինորիումներից (Ալպեր, Կարպատներ, Հիմալայներ ևն), բ. միջադիր զանգվածներից (Լոմբարդիա, Մակեդոնիա, Զիրուլ ևն), գ. մեզասինկլինորիումներից, միջլեռնային ու նախալեռնային իջվածքներից (Կուրի, Հունգարական, Վալախյան, Իրանա–Անատոլիական, Միջագետքի ևն)։ Ա–հ. գ–ում անջատվում է երեք գոտի։ Հյուսիսային և Հարավային արտաքին գոտիները կազմված են գերազանցապես նստվածքային ապարներից, բնորոշվում են մագմատիզմի թույլ զարգացմամբ, ծալքերի, վրաշարժերի ու տեկտոնական ծածկույթների համապատասխանաբար դեպի հյուսիս (Պիրենեյներ, Հյուսիսային Ալպեր, Կարպատներ) և դեպի հարավ (Հարավային Ալպեր, Ապենիններ, Տավրոսի և Զագրոսի լեռներ) թեքվածությամբ, շրջմամբ և ուղղվածությամբ։ Կենտրոնական գոտին (Կենտրոնական Ալպեր, Դինարիդներ, Անատոլիա, Իրան, Փոքր Կովկաս) բնորոշվում է ավելի բարդ կառուցվածքով և մագմատիզմի ինտենսիվ զարգացմամբ։ Այս գոտում են գտնվում նաև Միջերկրական, Մարմարա, Սև ծովերը և Կասպից ծովի հարավային մասը, որոնք իրենց խորքային կառուցվածքներով անցողիկ են երկրակեղևի օվկիանոսային և մայրցամաքային տիպերի միջև։
