Jump to content

ՀՍՀ/Ալֆա–տրոհում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է ՀՍՀ/ԱԼՖԱ–ՏՐՈՀՈՒՄից)

​ԱԼՖԱ–ՏՐՈՀՈՒՄ, α-տրոհում, ատոմային միջուկների ալֆա–մասնիկների ինքնաբերաբար (սպոնտանային) առաքումը ռադիոակտիվ տրոհման պրոցեսում (տես Ռադիոակտիվություն)։ Ա–տ–ման ժամանակ z ատոմական համար և A զանգվածի թիվ ունեցող ռադիոակտիվ միջուկից առաքվում է հելիումի ատոմի միջուկ՝ A24A2224He, և վերածվում A – 4 զանգվածի թիվ և z – 2 լիցք ունեցող միջուկի։ Օրինակ՝ ռադիումը առաքում է α-մասնիկ (A24A2224He) և փոխարկվում ռադոնի (A88226A2882226Ra→A88222Rn+A24A2224He)։ Հայտնի են մոտ 200 α-ռադիոակտիվ միջուկներ, որոնցից շատերը ծանր են կապարից (z > 82)։

Ռադիոակտիվ իզոտոպի Ա–տ–ման ժամանակ առաքված α-մասնիկներն ունենում են մոտավորապես հավասար էներգիա։ Ա–տ–ման ժամանակ միջուկի և α-մասնիկի ստացած էներգիաները հակադարձ համեմատական են նրանց զանգվածներին։ Տարբեր իզոտոպների համար α-մասնիկների էներգիան տարբեր է։ Եթե տվյալ իզոտոպի կիսատրոհման պարբերությունը (կամ նրա կյանքի տևողությունը) փոքր է, ապա էներգիան մեծ է։ α-ռադիոակտիվ իզոտոպների կյանքի տևողությունը փոփոխվում է ~3·10–7 վրկ–ից (A212A22212Po) մինչև 5·1015 տարի (A142A22142Ce)։ Ա–տ–ման հավանականությունը խիստ կախված է միջուկի չափից, որը և հնարավորություն է տալիս որոշել ծանր միջուկների չափերը։