Jump to content

ՀՍՀ/ԱԼ (ՉԱՐ ՈԳԻՆԵՐ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼ, ալք (այլ անվամբ՝ օլ), առասպելական կենդանիներ կամ չար ոգիներ՝ մի շարք ժողովուրդների հին հավատալիքներում։ Պարսիկների պատկերացմամբ՝ կնոջ կերպարանքով ժանտատեսիլ կենդանիներ են, ըստ վրացիների՝ անտառային ոգի։ Ա–երը լինում են երկու սեռի, ինչպես հռոմեական ստրիգներն ու սիլվաները ևն։ Հայոց ժողովրդական հավատալիքներում Ա–երը բրդոտ են, կես–մարդկային, կես–կենդանական կերպարանքով, հրեղեն աչքով, պղնձե եղունգներով ևն։ Համարվել են թշնամի՝ առանձնապես ծննդկան կանանց և նորածինների։ Այս հավատքը ծագել է նախապատմական ժամանակներում՝ մարդու և շրջապատող աշխարհի մասին մութ պատկերացումներից։ Նույնչափ հին են այդ ոգիներից պաշտպանվելու հմայական միջոցները (օրինակ, ծննդկանի անկողնին կամ բարձի տակ երկաթե իրեր դնելը ևն)։ Պահպանվել են բերանացի «ծննդկանի աղոթքներ», գրավոր հմայեկներ («գիր պահպանության», «պահպանակ») ևն։ Ըստ ժողովրդական հավատալիքի, ծննդկանին օգնում են նաև բարի ոգիները՝ երկու աղջիկներ (Ուրբաթամուտն ու Չորեքմուտը) և նրանց կրտսեր եղբայրը (Կիրակմուտ կամ Հիշտեկ)։ Այստեղ նկատելի են ծննդկան կանանց խնամակալ Աստղիկ դիցուհու և նախնիների պաշտամունքի հետքերը։ Կան նաև զրույցներ Ա–երի մասին։ Այս հավատքը հայերից անցել է քրդերին «ալք» անվանումով։

Գրկ. Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895։ Աբեղյան Մ., Հայ վիպական բանահյուսություն, Երկ., հ. Ա., Ե., 1966, էջ 32 – 38։ Abeghian M., Der Armenische Volksglaube, Lpz., 1899.