Jump to content

ՀՍՀ/ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՍԱՐԱՎԱՆԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՍԱՐԱՎԱՆԴ (հնում՝ Ջավախքի լեռնադաշտ), գտնվում է Վրացական ՍՍՀ–ում։ Տարածվում է արևմուտքից մինչև Կուրի հովիտը, հյուսիսից՝ Թրիալեթի, արևելքից՝ Սամսարի և Զավախեթի լեռները, հարավում Ա. ս–ի շարունակությունը Ղուկասյանի սարահարթն է։ Տարածությունը՝ մոտ 700 կմ², միջին բարձրությունը՝ 1800 մ։ Ա. ս. ծածկված է լավային հզոր շերտերով (700 մ)։ Մակերևույթը հարթ է, երբեմն՝ խախտված լավային ծածկույթի ալիքաձև ծալքերով, հրաբխային կոներով ու լեռնագագաթներով (Աբուլ), թույլ թեքված է դեպի արևմուտք և Կուրի հովտի մոտ վերջանամ է մինչև 300 մ բարձրության ժայռային ցցվածքներով։ Կլիման ցամաքային է. ամառը՝ կարճատև ու զով, ձմեռը՝ երկարատև ու ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 3,5°C–ից 6°C հունվարին՝ մինչև –8°C (նվազագույնը՝–30°C, -35°C)։ Ձնածածկույթը մնում է 6–7 ամիս։ Տեղումները՝ 550–650 մմ։ Գլխավոր գետը Փարվանան է։ Հարուստ է լճերով՝ Փարվանա, Տաբածղուրի, Խանչալի, Սադամո, Խոզափին ևն։ Ա. ս. ծածկված է լեռնային սևահողերով և լեռնամարգագետնային հողերով։ Անտառազուրկ է, տարածված են լեռնային տափաստանները, մերձալպյան ու ալպյան մարգագետինները։ Ղ. Մուրադյան