Jump to content

ՀՍՀ/ԱԽՈՒՐՅԱՆ (ԳԵՏ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԽՈՒՐՅԱՆ (ն. Արևմտյան Արփաչայ), գետ, Արաքսի ձախ վտակը։ Վերին հոսանքը՝ ՀՍՍՀ–ում, միջին և ստորին հոսանքներում՝ սահմանային գետ ՍՍՀՄ և Թուրքիայի միջև։ Երկարությունը՝ 186 կմ, ավազանը՝ 9700 կմ²։ Սկիզբ է առնում Արփի լճից, 2023 մ բարձրությունից։ Հոսում է նախ դեպի արևելք, ապա հարավ, խորանում լավային զանգվածներով կազմված ձորի մեջ և Բագարան գյուղի մոտ խառնվում Արաքսին։ Լեռնային գետ է, 1070 մ ընդհանուր և 5,8 մ միջին անկումով։ Խոշոր վտակներից են՝ աջից Կարախանը, Կարսագետը (որը հնում Ախուրյան էր կոչվում Արփաչայի ստորին հոսանքի հետ միասին՝ մինչև Արաքսին միախառնվելը), Չարլուն և Տեկորը, ձախից՝ Քառանգուն։ Սնումը՝ ձնա–անձրևային, հորդացումը՝ գարնանը։ Ռեժիմն անկայուն է։ Միջին տարեկան ծախսը 26,9 մ/վ, տարեկան հոսքը՝ 847,4 մլն. մ³ (Հայկաձոր)։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման (Շիրակի ջրանցք) և էներգետիկական նպատակներով (Լենինականի ՀԷԿ)։ Միջին ու ստորին հոսանքներում Ա. հոսում է խոր ձորերով և դժվարացնում ջրի լրիվ օգտագործումը։ Նախագծված ջրամբարի կառուցումը (Ախուրյանի ջրամբար) հնարավորություն կտա միջին հոսանքի շրջանում ոռոգելու անջրդի որոշ տարածություններ։ Ա–ի ափերի մոտ են կառուցվել պատմական Մարմաշենը, Երվանդակերտը, Երազգավորսը, Անին, Մրենը, Բագարանը և այլ բնակավայրեր։ Ա–ի վրա երբեմնի միակամար կամուրջներից երկուսի հետքերը պահպանվել են (Անի քաղաքի և ներքին Ջրափի գյուղի մոտ։) Ղ. Մուրադյան

Նկարում` Ախուրյան գետի կիրճը։ Նկարում` Ախուրյան։ Արհեստագործական ուսումնարանի ակումբը։