ՀՍՀ/ԱԾԱԿԱՆ
ԱԾԱԿԱՆ, խոսքի մաս, որն արտահայտում է առարկայի կայուն (կամ հարաբերականորեն կայուն) հատկանիշ (որպիսություն, հարաբերություն են)։ Ա–ները բաժանվում են երկու հիմնական տեսակների՝ որակական և հարաբերական։ Որակական Ա–ներն անմիջականորեն են նշում առարկայի հատկանիշը, առանց այն մի այլ առարկայի հետ հարաբերության մեջ դնելու (գեղեցիկ շենք, աշխատասեր մարդ)։ Հարաբերական Ա–ներն արտահայտում են այնպիսի հատկանիշ, որ առարկան ունենում է մի այլ առարկայի նկատմամբ առկա կապով (փայտե սեղան, ընկերական սեր, եղբայրական օգնություն, ջրային բույս)։ Ոմանք վերջիններից առանձնացնում են նան հատկացական ենթատեսակը (մայրական, հայրական)։ Սակավ բացառությամբ որակական Ա–ներն ունեն համեմատության աստիճաններ։ Մի շարք լեզուներում Ա–ները հանդես են գալիս հոլովի, թվի, սեռի քերականական կարգերով և գոյականների հետ համաձայնում են հոլովով, թվով, սեռով։ Կան լեզուներ, որոնցում Ա–ները զարկ են կամ զրկվել են քերականական այդպիսի կարգերից։ Ա–ները գրաբարում գոյականների հետ ետադաս գործածվելիս հոլովվել են (նախադաս կարող էին հոլովվել միավանկ, սակավ դեպքերում էլ՝ որոշ բազմավանկ Ա–ներ)։ Ժամանակակից հայերենում Ա–ները կարող են հոլովվել միայն փոխանվանական հոլովմամբ (մեծը, մեծի, մեծին…)։ Ա–ները նախադասության մեջ լինում են որոշիչ (բարձր սար), ստորոգելիական վերադիր (սարը բարձր է), պարագա (նա բարձր է խոսում)։ Գոյականաբար գործածվելիս նրանք կատարում են գոյականին հատուկ շարահյուսական պաշտոններ։
Գրկ. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի…, հ. 1, Ե., 1952։ Օհանյան Հ., Ածական անունը ժամանակակից հայերենում, Ե., 1962։
