ՀՍՀ/ԱԾԽԱԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ
ԱԾԽԱԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, երկրի ընդերքում գտնվող ածխի ջերմային էներգիան էլեկտրականի փոխակերպող համակցված ձեռնարկություն՝ առանց ածուխը երկրի մակերևույթ հանելու։ Կիրառելի է խոր տարածված փոքր հզորության շերտերի համար։ Աշխատանքը հիմնված է ածխի ստորերկրյա գազացման վրա։ Երկրի մակերևույթից միեչև ածխի շերտը փորված մեկ կամ մի քանի հորատանցքերով (2) օդ է փչվում կոմպրեսորային կայանից (1) և թափանցում ածխի շերտում գազացման առուներով հաղորդակցվող մյուս հորատանցքերը (տես նկ.)։ Վերջինների մոտ որևէ եղանակով այրում են ածխի շերտը, և այրման օջախը (3), տարածվելով մղվող օդին ընդառաջ, հասնում է օդափչման հորատանցքերին ու գոյացնում այրման ակոս, որտեղ տեղի է ունենում ածխի ստորերկրյա վերամշակումը՝ գազացումը։ Ստացված գազերն առուներով (4) բարձրանում են վեր, մաքրվում (5) և ուղովում դեպի գազատուրբինային էլեկտրակայանում (6) տեղադրված գազային տուրբինի այրման խուցը։ Գազային տուրբինը շարժման մեջ է դնում էլեկտրական գեներատորը, որից հետո ստացված էլեկտրաէներգիան ուղղվում է դեպի էլեկտրացանց (7)։ Աշխարհում առաջին Ա. է. գործում է ՌՍՖՍՀ Տուլայի մարզում՝ ցածրորակ գորշ ածխի բազայի վրա, որտեղ տեղադրված են 12000 կվտ հզորության երկաստիճանային տուրբիններ։
