Jump to content

ՀՍՀ/ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴՆԵՐ, ածխածնի միացությունները թթվածնի հետ։ Տարածված են երկօքսիդը՝ և օքսիդը՝ ։ Հայտնի է նաև ենթօքսիդը՝ ։

Ածխածնի երկօքսիդը (ածխաթթվական գազ, ածխաթթվական անհիդրիդ) ածխածնի և օրգ. միացությունների այրման վերջնական արդյունքն է։ Անգույն, թույլ թթվահոտ և թթվահամ, օդից 1,5 անգամ ծանր գազ է։ Հեղուկանում է միայն բարձր ճնշումների տակ։ Մթնոլորտային ճնշման տակ պնդանում է առանց հեղուկանալու (-78,52°C)՝ առաջացնելով «չոր սառույց»։ Լուծվում է ջրում՝ առաջացնելով ածխաթթու, հիմքերում՝ կարբոնատներ, և օրգ. լուծիչներում։ Քիմիապես իներտ է։ Բարձր ջերմաստիճաններում օքսիդացնում է ածխածինը և որոշ մետաղներ։ Օդը, որպես խառնուրդ, պարունակում է ~0,03 ծավալային % ։ Այն առաջանում է կենդանի օրգանիզմներում որպես նյութափոխանակման արդյունք և օրգ. միացությունների քայքայման, այրման, խմորման ժամանակ։ Կարևոր դեր ունի բույսերի կյանքում (տես Ֆոտոսինթեզ)։ Արդյունաբերության մեջ ստանում են կրաքարի կիզումով։ Օգտագործվում է հիմնականում շաքարի, գարեջրի, զովացուցիչ և հանքային ջրերի, պահածոների, սոդայի, միզանյութի արդյունաբերության մեջ, ինչպես նաև կրակմարիչներում։ «Չոր սառույցը» օգտագործվում է որպես սառեցնող միջոց։ -ի փոքր քանակները (<3%) օդում թունավոր չեն, մեծ քանակները (>10%) առաջացնում են շնչառական օրգանների գրգռում, աղմուկ ականջներում, գլխապտույտ և կենսակենտրոնների կաթված։ Ածխածնի օքսիդը (շմոլք գազ) անգույն, անհոտ թունավոր գազ է (եռման ջերմաստիճանը՝ -191,5°C, հալմանը՝ -205°C)։ Ջրում վատ է լուծվում։ Օդում բռնկվում (700°C) և այրվում է կապույտ բոցով։ Սենյակի ջերմաստիճանում –ի և -ի առկայությամբ օքսիդանում է մինչև ։ Այդ հատկությունն օգտագործվում է հակագազերում՝ օդը շմոլք գազից մաքրելու համար։ Տաքացնելիս վերականգնում է մետաղների օքսիդները։ Միանում է ծծմբի և քլորի հետ՝ առաջացնելով ծծմբածխածին և ֆոսգեն, մետաղների հետ՝ կարբոնիլներ և կարբիդներ, հիմքերի հետ՝ մրջնաթթվի աղեր։ Ծխնելուզային գազերը պարունակում են 1–4%, ավտոմեքենայի ծուխը՝ 2–10%, ծխախոտինը՝ 0,5% ։ Չնչին քանակությամբ կա օդում։ Հայտնաբերվել է նաև Արեգակի մթնոլորտում։ Արդյունաբերության մեջ ստացվում է ածխի թերայրմամբ։ Օգտագործվում է որպես գազային վառելանյութ (լուսագազ, ջրագազ, գեներատորային գազ), ելանյութ՝ բազմաթիվ օրգ. միացությունների (սպիրտներ, օրգ. թթուներ, ալդեհիդներ, արհեստական բենզին՝ սինտին ևն) և մի շարք մետաղների ստացման համար: Ածխածնի օքսիդով թունավորումը օրգանիզմում առաջացնում է թթվածնի սով։ Առաջին օգնությունն է մաքուր օդը, անուշադրի սպիրտի գոլորշիների կարճատև ներշնչումը, թթվածինը, մուգ և քաղցր թեյը։ Ա. Քանքանյան