ՀՍՀ/ԱԾՈՒԽՆԵՐ
ԱԾՈՒԽՆԵՐ, բուսական ծագմամբ, այրվող, կարծր օգտակար հանածոներ։ Ա–ի քիմիական կազմում մասնակցում են հիմնականում , ավելի քիչ՝ տարրերը, երբեմն՝ նաև , որոնցից այրվող են ածխածինը, ջրածինը և մասամբ՝ ծծումբը։ Ածխածինը կազմում է գորշ ածուխներում՝ 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության աճմամբ բարձրանում է հանածոյի ջերմունակությունը։ Գույնը՝ մուգ մոխրագույնից մինչև սև, փայլը՝ ճարպային կամ մետաղական։ Խտությունը՝ 1100–1760 կգ/մ³։
Ըստ ելանյութերի և ծագման, Ա. բաժանվում են հումիտների՝ բարձր դասի բույսերի նեխումից առաջացած ածուխներ (գորշ ածուխ, քարածուխ, անտրացիտ), սապրոպելիտների՝ ցածր դասի բույսերի և պլանկտոն կենդանիների քայքայումից առաջացած ածուխներ (բոգհեդ, սապրոկոլիտ) և լիպտոբիոլիտների՝ լիգինացելյուլոզային հյուսվածքների հոսող ջրով ալկալահանելու հետևանքով առաջացած ածուխներ, որոնք գրեթե ամբողջովին կազմված են կուտիկուլներից, ձյութերից և մոմից։ Նախնական նյութի բնույթով Ա. լինում են ալոխթոն և ավտոխթոն։ Մոխրի 30–35% պարունակության դեպքում Ա. անցնում են ածխային թերթաքարերի կամ ածխային արգիլիտների։ Ա–ի արդյունաբերական դասակարգումը հիմնված է ածխացման աստիճանի վրա. դոնեցյան դասակարգմամբ առանձնացվում են երկար բոցավոր, գազային, ճարպային, կոքսացող, վտիտ և անտրացիտ տեսակները։ Ըստ բաղադրիչ մասերի պարունակության, տարբերվում են երկու փայլուն (վիտրեն, կլարեն) և երկու փայլատ (դյուրեն, ֆյուզեն) տարատեսակներ։ Ա–ի կուտակումն սկսվել է քեմբրից, սակայն արդյունաբերական պաշարների կուտակումը՝ դևոնից։ Ա–ի համաշխարհային պաշարները (մինչև 1800 մ խորությունը) գնահատվում են 15000–16000 մլրդ.տ, որից ՍՍՀՄ–ում՝ 8670 մլրդ. տ, ԱՄՆ–ում՝ 4300 մլրդ. տ։ ՀՍՍՀ–ամ Ա–ի երևակումներ կան Ախուրյանի (Ջաջուռ), Արարատի (Ջերմանիս) և Թումանյանի (Շամուտ) շրջաններում։ Ա. էներգիայի և մի շարք քիմիական նյութերի ստացման հումք են։ 500°C ջերմության պայմաններում Ա–ից չոր թորման եղանակով ստացվում է հեղուկ ձյութ, լուսագազ, ածխաթթվային ամոնիակ, իսկ 1000°C–ում՝ կոքս։ Տես նաև Ածխարդյունաբերություն։
Գրկ. Гапеев А. А., Твёрдые горючие ископаемые (Каустобиолиты), М., 1949; Геология месторождений Угля и горючих сланцев СССР, т. 1-10…, М., 1962-67…
