Jump to content

ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿԱԴԵՄԻԱ (հուն. Ακαδημία), գիտական, ուսումնական, գեղարվեստական և այլ հիմնարկների ու ընկերությունների անվանում։ «Ա.» բառը ծագել է դիցաբանական հերոս Ակադեմոսի անունից, ի պատիվ որի Աթենքի մոտ մի տեղավայր կոչվել է նրա անվամբ, ուր և մ. թ. ա. IV դ. Պլատոնը (տես Պլատոնյան ակադեմիա) իր աշակերտներին դասախոսություններ էր կարդում։

Հելլենիստական դարաշրջանում ստեղծվեցին գիտական ընկերություններ, որոնք ըստ էության ակադեմիաներ էին (Ալեքսանդրիայի մուսեյոն, մ. թ. ա. III դ.)։ Միջնադարում Արևելքում մեծ տարածում գտան «Իմաստության տներ»–ը՝ Բաղդադում (IX դ.), «Մամունի ակադեմիա»–ն՝ խորեզմում (XI դ. սկիզբ), աստղադիտարաններին կից գիտական ընկերությունները՝ Մարաղայում (XIII դ.), Սամարղանդում (XV դ.)։ Փաստորեն միջնադարյան Ա–ների դեր էին կատարում Գլաձորի, Տաթևի, Անիի, Հաղպատի, Սանահինի, Բարձրբերդի և Հայաստանի մի քանի այլ վայրերում եղած համալսարաններն ու ճեմարանները։ XV–XVI դարերում Ա. էին կոչվում Իտալիայի բազմաթիվ ընկերություններ, որոնք զբաղվում էին հիմնականում հումանիտար գիտություններով։ XVII դ. տարբեր երկրներում հանդես եկան մի շարք գիտական ընկերություններ՝ ակադեմիաներ, որոնց ուշադրության կենտրոնում բնագիտության պրոբլեմներն էին։ Նրանցում, ի հակադրություն սխոլաստիկայի, մշակվում էին հետազոտական–փորձարարական նոր, ճշգրիտ մեթոդներ։ XVII դ. 2-րդ կեսից պետական իշխանությունների աջակցությամբ ստեղծվեցին ազգային գիտական կենտրոններ՝ Ա–ներ, օրինակ՝ Լոնդոնի թագավորական ընկերությունը (1660), Փարիզի ԳԱ (1666), Պրուսական ԳԱ՝ Բեռլինում (1700), Կայսերական ԳԱ՝ Պետերբուրգում (1724) ևն։ Ռուսաստանում բացի ԳԱ–ից գոյություն ուներ Ռուսաստանյան ակադեմիա (1783–1841), որն զբաղվում էր ռուսաց լեզվի և բանահյուսության հարցերով։

Այժմ կենտրոնական (համազգային) Ա–ներ կամ հավանման հիմնարկներ կան բազմաթիվ երկրներում, շատ տեղերում՝ նույնիսկ մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է գիտությունների որևէ խումբ կամ մշակույթի որևէ բնագավառ։ Անգլիայում ԳԱ–ի դեր է կատարում Լոնդոնի թագավորական ընկերությունը, Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի ինստիտուտը՝ բաղկացած 5 ակադեմիաներից (այդ թվում՝ Փարիզի ԳԱ ևն)։ Կապիտալիստական երկրների մի շարք Ա–ներ իրենց գործունեությունը հիմնականում սահմանափակում են գիտական աշխատությունների (գլխավորապես՝ Ա–ի անդամների) հրապարակմամբ և քննարկմամբ։

ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում ԳԱ–ները համապարփակ գիտական հիմնարկներ են՝ հետազոտական հզոր բազաներով (ինստիտուտներ, լաբորատորիաներ, գիտական կայաններ, գիտական խմբագրություններ ևն), որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն հետազոտել ժամանակակից գիտությունների հիմնական պրոբլեմները, այլև կոորդինացնել գիտական հիմնարկների աշխատանքը։ Սովետական Միության գիտական գլխավոր եենտոոնր ՍՍՀՄ ԳԱ–ն է։ Գոյություն ունեն միութենական հանրապետությունների ԳԱ–ներ (օրինակ՝ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա) և ճյուղային Ա–ներ՝ ՍՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիա, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիա ևն։ Ա. են կոչվում նաև մի քանի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ (օրինակ՝ Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա) ևն։ Արտասահմանյան երկրներում (մասնավորապես՝ ԱՄՆ–ում) Ա. են կոչվում նաև մի շարք մասնավոր միջնակարգ ուսումնական հաստատություններ և գիտական կամ ուսումնական բնույթի հիմնարկներ։