Jump to content

ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, պլաստիկ արվեստների խնդիրներով զբաղվող գիտաստեղծագործական կենտրոններ հանդիսացող հիմնարկություններ (հաճախ պետական), ինչպես և բարձրագույն (երբեմն՝ մասնավոր) գեղարվեստական դպրոցներ։ XVI դ. Իտալիայում ստեղծած առաջին Ա. գ., սակայն, եղել են արվեստագետների ազատ միավորումներ։ 1648-ին Փարիզում հիմնվել է Գեղանկարչության և քանդակագործության արքայական ակադեմիան։ Փարիզի օրինակով ակադեմիաներ ստեղծվեցին եվրոպական շատ պետությունների արքունիքներին Կից (Վիեննայում՝ 1692-ին, Բեռլինում՝ 1694-ին, Լոնդոնում՝ 1768–ին)։ Ներկայումս Գեղարվեստի ակադեմիաներն Արևմտյան Եվրոպայում աննշան դեր են կատարում գեղարվեստական կյանքի ուղղությունը որոշելիս։ Գրանցից մի քանիսը, օրինակ՝ Փարիզում (Ecole des beaux-arts) և Լոնդոնում, ջանալով պահել իրենց ազդեցությունը, որոշակիորեն թույլ են տալիս նորագույն գեղարվեստական հոսանքների ներթափանցումը։

Ռուսաստանում Գեղարվեստի ակադեմիա հիմնադրվել է 1757-ին, Պետերբուրգում, ըստ. Ի. Շուվալովի նախագծի («Երեք նշանավորագույն գեղարվեստների ակադեմիա»՝ գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության)։ 1764-ին այն վերակազմվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի։ 1918-ին Գեղարվեստի ակադեմիան ժողկոմխորհի դեկրետով արձակվեց և փոխարինվեց այլ ուսումնական հաստատություններով։ 1933-ին Լենինգրադում ստեղծվեց Գեղարվեստի համառուսական ակադեմիա, որը գոյատևեց մինչև 1947-ը։ Նույն տարին կազմակերպվեց Ակադեմիա գեղարվեստի ՍՍՀՄ։

Գրկ. Петров П. Н., Сборник материалов для истории имп. С.-Петербургской Академии художеств за 100 лет ее существования, ч. 1-3, СПБ, 1864-1866; Зотов А. И., Академия художеств СССР, М., 1960; Montaiglon A. de, Procès verbeaux de l'Académie royale de peinture et de sculpture, 1648-1792, P., 1875.