ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, բարձրագույն գիտական հիմնարկություններ ճարտարապետության բնագավառում։ Առաջին Ա. ճ. (ճարտարապետության արքայական ակադեմիա) կազմակերպվել է Ֆրանսիայում, 1671-ին։ 1823-ին Իռլանդիայում (Գուբլինում) հիմնադրվել է Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության Հիբեռնյան արքայական ակադեմիան, 1908-ին Նիդերլանդներում՝ ճարտարապետության ակադեմիան, 1951-ին ԳԴՀ–ում՝ Գերմանական շինարարական ակադեմիան։
1934-ին կազմակերպվել է ՍՍՀՄ ճարտարապետ ու թյան ակադեմիան, որը գոյատևել է մինչև 1956՝ Մոսկվայում։ Ունեցել է 6 գիտահետազոտական ինստիտուտ (Քաղաքաշինության և բնակավայրերի հատակագծման, Բնակարանային ճարտարապետության, Հասարակական և արդյունաբերական կառույցների ճարտարապետության, Շինարարական տեխնիկայի, Կոլտնտեսային և գյուղական շինարարության ճարտարապետության), ճարտարապետության թանգարան, գրադարան, լաբորատորիա, արվեստանոցներ, բաժանմունք՝ Լենինգրադում։ 1956-ին այն վերակազմվել է ՍՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի՝ ընդգրկելով նաև ՈՒՍՍՀ ճարտարապետության ակադեմիան (1945–56)։ Գոյատևել է մինչև 1964։ Ունեցել է 18 գիտահետազոտական ինստիտուտ, գիտխորհուրդներ, ճարտարապետության թանգարան, գիտավերականգնման կենտրոնական արվեստանոցներ, Լենինգրադի, Ուրալի, Արևմտյան Սիբիրի, Ղազախստանի բաժանմունքներ։ 1963-ին ակադեմիան ունեցել է 2 պատվավոր անդամ, 67 իսկական անդամ, 105 թղթակից–անդամ։ 1964-ին ակադեմիան վերացվեց, և նրա բազայի վրա ստեղծվեցին ճարտարապետական գիտական ինստիտուտներ։ ՍՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի (1956-ից ՍՍՀՍ շինարարության և ճարտարապետության ակադեմիա) անդամներ են ընտրվել Կ. Ս. Հալաբյանը (1939–59, վիցե–պրեզիդենտ՝ 1949–53), Հ. Ս. Մարգարյանը (1956–63, թղթակից–անդամ 1950-ից), Ս. Ա. Սաֆարյանը (1950–56, թղթակից–անդամ 1940-ից, 1956–63՝ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից–անդամ)։ Թղթակից–անդամներ են ընտրվել Գ. Գ. Աղաբաբյանը (1957), Գ. Բ. Քոչարը (1958)։
