ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՍՍՀ
ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՍՍՀ, Ուզբեկական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1943-ին, ՍՍՀՄ ԳԱ ուզբեկական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Տաշքենդում։ Ակադեմիայի կազմում կան 2 պատվավոր ակադեմիկոս, 46 ակադեմիկոս և 55 թղթակից–անդամ (1971)։ Ակադեմիան ունի 5 բաժանմունք (ֆիզիկա–տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների, Երկրի մասին գիտությունների, փիլիսոփայական, տնտեսագիտական և իրավաբանական գիտությունների, քիմիա–տեխնոլոգիական և կենսաբանական գիտությունների, պատմության, լեզվաբանության և գրականագիտության), Կարակալպակյան մասնաճյուղ, 28 ԳՀԻ և հիմնարկ, հանրապետության արտադրողական ուժերի ուսումնասիրման խորհուրդ, հիմնակազմ գրադարան (1750 հզ. կտոր գիրք, 1968), «Ֆան» հրատարակչություն։ Հրատարակում է «Տեղեկագիր» 2 մատենաշարով (1940-ից), 11 ամսագիր, տպագրության է պատրաստում Ուզբեկական սովետական հանրագիտարանը։
Ուզբեկական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Տ. Կարի–Նիյազով (1943–47), Տ. Սարիմսակով (1947–52), Տ. Զահիդով (1952–1956), Խ. Աբդուլաև (1956–62), Ու. Արիֆով (1962–66), Ա. Սադիկով (1966-ից)։
