Jump to content

ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԿԱԴԵՄԻԶՄ (ֆրանս. académisme) կերպարվեստում, XVI–XIX դարերի գեղարվեստի ակադեմիաներում ստեղծված ուղղությունդ որ դոգմատիկորեն հետևում էր դասական արվեստի արտաքին ձևերին: Ա. նպաստել է գեղարվեստական կրթության համակարգմանը, բայց դասական ավանդույթները մեխանիկորեն վերածելով «հավերժական» կանոնների։ ժամանակակից կյանքը համարելով «բարձր» արվեստին անարժան նյութ՝ Ա. վախարենն առաջադրել է գեղեցիկի՝ ժամանակից դուրս և ապազգային նորմեր, իդեալականացված կերպարներ, անտիկ դիցաբանությունից, Աստվածաշնչից, հին պատմությունից առնված սյուժեներ՝ ընդգծելով գույնի, գծանկարի ու ձևի վերացականությունը, կոմպոզիցիայի, կերպարների, ժեստերի ու պոզաների թատերականությունը։ Լինելով պաշտոնական, պետական ուղղություն, Ա. իր իդեալիստական գեղագիտությունը գործադրել է ընդդեմ ազգային առաջավոր արվեստի։

Ա. սկզբնավորվել է Իտալիայում, XVI դ․ վերջին։ Բոլոնիայի դպրոցը և XVII–XVIII դդ. ֆրանսիական Ա. (Շ. Լեբրեն և ուրիշներ) եվրոպական ու ամերիկյան բազմաթիվ ակադեմիաների համար ծառայել են որպես տիպար։ XIX դ. Ա., հենվելով կլասիցիզմի ամլացած ավանդույթների վրա, պայքարել է ռոմանտիկների, ռեալիստների և նատուրալիստների դեմ, սակայն, ինքն էլ ընդօրինակելով նրանց մեթոդները, վերասերվել է սալոնային արվեստի։ XIX դ. վերջին և XX դ. Ա. իր գոյությունը մասամբ պահպանել է մի քանի երկրներում՝ գլխավորապես նեոկլասիցիզմի թարմացված ձևերով։

«Ա.» տերմինը հասկացվում է նաև լայն առումով՝ որպես ամեն մի կանոնացում, անցյալի արվեստի իդեալների ու սկզբունքների վերածում անխախտելի նորմի։