ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԿՈՍ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ, գիտական կոչում։ ՍՍՀՄ–ում կրում են ՍՍՀՄ ԳԱ–ի, միութենական հանրապետությունների ԳԱ–ների և մի քանի ճյուղային ակադեմիաների իսկական անդամները։ Միութենական և մի քանի ճյուղային ակադեմիաների իսկական անդամներին ընդունված է անվանել համապատասխան ակադեմիայի ակադեմիկոս (օրինակ՝ Հայկական ՍՍՀ ԳԱ–ի ակադեմիկոս, ՍՍՀՄ մանկավարժական ԳԱ–ի ակադեմիկոս)։ Ա. են ընտրվում տվյալ ակադեմիայի Ընդհանուր ժողովումդ Ակադեմիայի իսկական և թղթակից–անդամ առաջադրելու իրավունք վերապահվում է գիտական հիմնարկներին, հասարակական կազմակերպություններին և առանձին գիտական աշխատողների։ ՍՍՀՄ ԳԱ–ում գոյություն ունեն՝ պատվավոր ակադեմիկոս, արտասահմանյան անդամ, միութենական ԳԱ–ներում՝ պատվավոր անդամ կոչումները։ Հայկական ՍՍՀ ԳԱ–ի կազմում կան (1971) 43 ակադեմիկոս, 47 թղթակից–անդամ, 4 պատվավոր և 2 արտասահմանյան անդամ։
