Jump to content

ՀՍՀ/ԱԿԱՆՋ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿԱՆՋ, մարդու և ողնաշարավոր կենդանիների լսողության և հավասարակշռության օրգան։ Կազմված է՝ արտաքին, միջին և ներքին Ա–ներից։ Արտաքին Ա. բաղկացած է ականջախեցուց, լսողական արտաքին անցուղուց և կատարում է ձայնային ալիքների խտացման ֆունկցիա։ Մարդու լսողական արտաքին անցուղին 2,5 սմ երկարությամբ աճառաոսկրային կույր խողովակ է, որի մաշկը հարուստ է ճարպ և ականջածծումբ արտադրող գեղձերով։ Անցուղու վերջում գտնվում է թմբկաթաղանթը, որն արտաքին Ա. բաժանում է միջին Ա–ից։ Միջին Ա. կազմված է թմբկախոռոչից, որը 1 սմ³ տարողությամբ նեղ տարածություն է, դեպի ետ հաղորդակցվում է քունքոսկրի պտկաձև ելուստի օդակիր խոռոչիկների, իսկ եվստախյան փողի միջոցով՝ քթաըմպանի հետ։ Թմբկախոռոչը լցված է օդով, նրա միջային պատի վրա կան ձվաձև և կլոր պատուհաններ։ Թմբկախոռոչի մեջ տեղակայված են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը։ Ներքին Ա. գտնվում է քունքոսկրի հաստության մեջ և կոչվում է նաև լաբիրինթոս։ Ոսկրային լաբիրինթոսի մեջ թաղանթային լաբիրինթոսն է նրանց միջև կա ճեղքանման տարածություն, որը լցված է արտաքին ավիշով, իսկ թաղանթային լաբիրինթոսը՝ ներքին ավիշով։ Ներքին Ա. բաղկացած է անդաստակից, խխունջից և կիսաշրջանաձև երեք խողովակներից։ Անդաստակում տեղակայված են գլխի և մարմնի դիրքի Փոփոխություններն ընկալող բջիջներ։ Կիսաշրջանաձև խողովակների մեջ գտնվող թելանման բջիջները (տես Հավասարակշռության օրգաններ) մարմնի շարժման ուղղությունը և արագությունը փոխվելիս՝ գրգռվում են։ Ա–ի լսողական մասը խխունջն է՝ կազմված ոսկրային և թաղանթային հատվածներից։ Վերջինիս ստորին պատը հիմնային թաղանթն է՝ տարբեր երկարության և հաստության 30.000 լարերով, որոնց վրա դասավորված են ձայնազգաց թելանման բջիջներ։ Ձայնի ալիքների ազդեցությամբ թմբկաթաղանթը տատանվում է, ապա ալիքն ականջի ոսկրիկների միջոցով հասնում է ձվաձև պատուհանը ծածկող ասպանդակի հիմնային թաղանթի լարերի թելանման բջիջներին, այնտեղից ձայնի գրգիռը լսողական նյարդաթելերով հաղորդվում է մեծ ուղեղի քունքային բիլթը՝ լսողական բարձր կենտրոնը։ Հ. Հակոբյան