ՀՍՀ/ԱԿԱՆՋԱԲՈՐԲ
ԱԿԱՆՋԱԲՈՐԲ, հիվանդություն։ Ականջի անատոմիական բաժանմանը համապատասխան լինում է արտաքին, միջին և ներքին Ա. (տես Լաբիրինթաբորբ)։ Արտաքին Ա. մեծ մասամբ մաշկային հիվանդություն է (էկզեմա, կարմիր քամի ևն)։ Յուրահատուկ ընթացք ունեն ականջախեցու բորբոքումները՝ պերիխոնդրիտները, որոնք հաճախ առաջացնում են թարախակույտեր և խեցու այլաձևություններ։ Միջին Ա. լինում է սուր և քրոնիկական։ Սուր բորբոքման պատճառը քթի և ըմպանի հիվանդություններն են։ Ախտանիշներն են՝ ականջի ուժեղ ցավեր, լսողության թուլացում, ջերմության բարձրացում, թմբկաթաղանթի կարմրություն, այտուց, հետագայում՝ թմբկաթաղանթի պատռում և լորձային, լորձարյունային կամ թարախային արտադրություն։ Ելքը, առողջացում՝ թմբկաթաղանթի սպիացումով։ Կարող է առաջացնել բարդություններ՝ մենինգիտ, պտկաձև ելուստի բորբոքում, լաբիրինթաբորբ։ Բուժումը դեղորայքային է, ձգձգման դեպքերում պահանջվում է թմբկաթաղանթի հատում։ Միջին ականջի քրոնիկական բորբոքման պատճառներն են՝ սուր Ա–ի ոչ լրիվ բուժումը, քթի և ըմպանի բորբոքումները, թմբկախորշի խոր քայքայումները։ Բորբոքումները լինում են բարորակ (մեզոտիմպանիտներ) և չարորակ (էպիտիմպանիտներ)։ Բարորակի դեպքում ախտահարվում է միայն լորձաթաղանթը, չարորակն առաջացնում է միջին ականջի ոսկրային պատի քայքայում (գրանուլացիանեբ, պոլիպներ և խոլեսթեատոմաներ)։ Լսողությունը թուլանում է։ Բարդությունները՝ մենինգիտ, ուղեղի թարախակույտ ևն։ Բարորակ բոր– բոքումների բուժումը դեղորայքային է, չարորակինը՝ վիրահատական։
Գրկ. Շուքուրյան Կ. Հ., Միջին ականջի թարախային քրոնիկական բորբոքումներ, «Առողջապահություն», 1957, № 4։ Вольфкoви М. И., Хронический гнойный средний отит, М., 1967.
