ՀՍՀ/ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, լսողության կամ հավասարակշռության ապարատների ծայրային մասերի հիվանդություններ։ Լինում են բնածին և ձեռքբերովի։ Ականջի բնածին հիվանդություններ են՝ ականջախեցու այլաձևությունները, արտաքին լսողական անցուղքւ և թմբկախորշի բացակայությունը (որոնք թուլացնում են լսողությունը), ներքին ականջի ոչ ճիշտ ձևավորվածությունը (որ առաջացնում է խլություն)։ Պատճառներն են՝ բնածին սիֆիլիսը, ժառանգական նախատրամադրվածությունը, պտղի ներարգանդային կյանքի անբարենպաստ պայմանները ևն։ Ականջի ձեռքբերովի հիվանդությունները (արտաքին, միջին և ներքին ականջի, տես Ականջաբորբ), ըստ կլինիկական ընթացքի, լինում են սուր, ենթասուր և քրոնիկական։ Յուրահատուկ ընթացք ունի ականջի սկլերոզը։ Ձեռքբերովի հիվանդությունների պատճառներն են՝ վնասվածքները, ինքնաթունավորումները, մրսածությունը, ականջի գերլարվածությունը (երկարատև աղմուկի հետևանքով)։ Ա. հ. մեծ մասամբ վարակիչ հիվանդությունների (գրիպ, քութեշ, կարմրուկ, հարականջաբորբ, դիֆթերիա) բարդություններ են։ Հիմնական ախտանիշներն են՝ լսողության մասնակի կամ լրիվ կորուստը, ականջում ցավի և խշշոցի զգացումը, ինչպես նաև գլխապտույտները և հավասարակշռության խանգարումները (հիմնականում՝ հավասարակշռության ապարատի ախտահարման դեպքում)։ Ա. հ. հաճախ առաջացնում են խլություն, խուլ–համրության, իսկ թարախային հիվանդությունները կարող են պատճառ դառնալ ուղեղի թաղանթների բորբոքման, թարախակույտի առաջացման և արյան վարակման։ Բուժումը՝ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող դեղորայքներ, կլիմայաբուժություն, ֆիզիոթերապիա, երբեմն՝ վիրապատություն։
