ՀՍՀ/ԱԿԱՆՑ
ԱԿԱՆՑ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հյուսիսում, Արճեշ քաղաքի մոտ, բլրաշատ հարթավայրում։ XV դ. երկրորդ կեսին Ա–ում ընդօրինակվել է երկու ավետարան։ Հին Արճեշ քաղաքը Վանա լճի տակն անցնելուց հետո Ա. բավական մեծացել ու ընդարձակվել է՝ դառնալով Արճեշի գավառի կենտրոնը։ Ա. ուներ իր նավահանգիստը, որով կապվում էր Վանա լճի մյուս նավահանգիստների (Վանի, Դատվանի, Արծկեի և Խլաթի) հետ, ներմուծում և արտածում էր տարբեր մթերքներ։ XX դ. սկզբին Ա–ում կար 1000 տուն բնակիչ, որից 250-ը՝ հայ, մնացածը՝ թուրք և քուրդ։ Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով և մասամբ՝ ձկնորսությամբ։ Ա. ուներ երկու ուսումնարան (արական և իգական), եկեղեցիներ (Ս. Թադեոս, Ս. Գևորգ), գրադարան–ընթերցարան։ Մեծ եղեռնի ժամանակ Ա–ի հայ բնակչության մեծ մասը զոհվել է, մնացածն ապաստանել է Արևելյան Հայաստանում։
