Jump to content

ՀՍՀ/ԱԿԱՐԱՊԻԴՈԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿԱՐԱՊԻԴՈԶ մեղուների, ակարոզ, մեղուների շնչառական օրգանների տզային հիվանդություն։ Առաջին անգամ արձանագրվել է 1904-ին, Ուայտ կղզու (Անգլիա) մեղվանոցներում։ Տարածված է ամբողջ Եվրոպայում և ՍՍՀՄ եվրոպական մասում։ ՀՍՍՀ–ում առաջին անգամ արձանագրվել է 1938-ին՝ Աշտարակի սովետական տնտեսության մեղվանոցներում, իսկ հետագայում տարածվել է Արարատյան դաշտի և նրա շրջակայքի մեղվանոցներում։ 1953-ից ՀՍՍՀ–ում Ա. հիմնականում վերացվել է։ Հարուցիչը Acarapis Woodi Rennie տիզն է։ Տեղակայվում է մեղվի կրծքային առաջին զույգ շնչառական անցքերում, իսկ երբեմն՝ որովայնային օդապարկերում և թևերի հիմքում։ Տիզը սնվում է մեղվի արյունով (ավիշով), բազմանում, խանգարում գազափոխանակությանը։ Տզերի արտադրած գազերից մեղուները սատկում են։ Վարակը փոխանցվում է շփման միջոցով։ Բուժումը՝ ֆրոուի հեղուկով, մեթիլ կամ էթիլսալիցիլատով, մեթիլդիքլորբենզոլատով, տեդինով։