ՀՍՀ/ԱԿԵԱՑԻՆԵՐ
ԱԿԵԱՑԻՆԵՐ, հայ նախարարական տոհմ Ակե գավառում։ Ա. առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացու մոտ։ Արքունիքում ունեցել են 44-րդ գահը և հայոց զորքին տվել 300 զինվոր։ Առանձին գնդով մասնակցել են Ավարայրի ճակատամարտին (451) Վարդանանց կողմում (իսկ Ընջուղ Ակեացի իշխանն անցել էր Վասակ Սյունու կողմը)։ VIII դարից Ա. դառնում են Արծրունիների վասալներ։ Թովմա Արծրունին վկայում է, որ Արյան լճի ճակատամարտում (852) Ա. Վասակ իշխանի գլխավորությամբ մարտնչում էին արաբ նվաճողների դեմ։ Նույն պատմիչը հիշատակում է նաև Թադեոս Ակեացի իշխանին, որպես Վասպուրականի քաղաքական եռանդուն գործչի և քաջ զինվորականի, որը 905-ին Վասպուրական ներխուժած արաբների և մահմեդական ուրիշ ցեղերի դեմ հաղթական պայքարի ղեկավարըն էր։ X դարից հայկական աղբյուրներն Ա–ի մասին չեն հիշատակում։
Գրկ. Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։
