Jump to content

ՀՍՀ/ԱԿԻՆՅԱՆ ՆԵՐՍԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿԻՆՅԱՆ Ներսես (Գաբրիել) Հակոբի (1883–1963), հայ բանասեր, պատմաբան, ձեռագրագետ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1901-ից), Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր (1954)։ Ծնվել է սեպտ. 10-ին, Արդվինում։ 1895-ից սովորել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում, ապա հետևել Վիեննայի համալսարանի հունա–հռոմեական ու բյուզանդական մշակույթի պատմության և հունարենի, լատիներենի, ասորերենի դասընթացներին։ 1909–63-ին միաբանության մատենադարանապետն էր։ 1903-ից աշխատակցել է «Հանդես ամսօրյա»–ին, իսկ 1909–63-ին եղել նրա խմբագիրը։ Հանդեսի շուրջն է համախմբել նշանավոր գիտնականների ե մեծապես նպաստել հայագիտության զարգացմանը Եվրոպայում։ Ա. աշխատակցել է նաև գերմաներեն, անգլերեն գիտական հանդեսների և հայկական բազմաթիվ պարբերականների։ Ունի մոտ 500 մենագրություն, հոդված, գրախոսական, որոնք ընդգրկում են հայագիտության գրեթե բոլոր բնագավառները։ Կազմել և հրատարակել է հայկական ձեռագրերի հավաքածուներից մի քանիսի ցուցակները։ 1924–28-ին ուսումնասիրել է Էջմիածնի մատենադարանի (այժմ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան) ձեռագրերի մի մասը։ Եվրոպայի և Արևելքի մի շարք երկրներում դասախոսություններ է կարդացել հայ գրավոր մշակույթի մասին։ Մահացել է հոկտեմբերի 28-ին, Վիեննայում։

Մեծ է Ա–ի երախտիքը հայկական սկզբնաղբյուրների հետազոտության և հրապարակման գործում։ Պատմագիտական կարևոր աշխատություններ է գրել հայ–վրացական հարաբերությունների մասին. «Հայ–վրացական հարաբերությունք Դ–Է դարուց մեջ» (1907), «Կյուրիոն կաթողիկոս վրաց» (1910)։ Արժեքավոր են «Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա» (1920), «Հայ Բսւգրատունիներու տոհմածառը» (1930), «Մովսես Գ Տաթևացի հայոց կաթողիկոսն և իր ժամանակը» (1936), «Քրիստոնեության մուտքը Հայաստան և Վրաստան» (1949), «Բաղեշի դպրոցը» (1951) գործերը։ Ա. հետազոտել է միջնադարյան բանաստեղծների (Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի, Գրիգորիս Աղթամարցի, Սիմեոն Ապարանցի, Նաղաշ Հովնաթան, Հակոբ Կեսարացի, Մինաս Ստեփանոս, Հակոբ, Ղազար, Թաթոս Թոխաթեցիներ, Թորոս Մշեցի) կյանքն ու ստեղծագործությունը, հրատարակել նրանց երկերը։ Ա–ի շատ անտիպ գործեր պահվում են Վիեննայի Մխիթարյան մատենադարանում։ Ա–ի ուսումնասիրությունները լույս են տեսել մեծ մասամբ «Հանդես ամսօրյա»–ում, ապա արտատպվել «Ազգային մատենադարան» մատենաշարի հատորներում։ Ա–ի աշխատություններին պետք է վերաբերվել լուրջ վերապահությամբ, քանի որ դրանցում տեղ են գտել պատմագիտական սխալներ, հակասական ենթադրություններ։ Այսպես, Ա. գտնում է, որ Մ. Խորենացու «Հայոց պատմություն»–ը գրվել է VIII դ. պատմագիր Ղևոնդի կողմից («Մատենագրական հետազոտություններ», հ. Գ, 1930), իսկ Եղիշեի պատմությունը որպես V դ. կեսերի ազատագրական շարժումը պատկերող աղբյուր, համարում է կեղծիք, որն իբր վեր է հանել միայն 572–590-ի Կարմիր Վարդանի գլխավորությամբ հայերի մղած պատերազմները («Եղիշե վարդապետ և յուր պատմություն հայոց պատերազմին», հ. Ա, 1932, հ. Բ, 1936)։

Երկ. Մատենագրական հետազոտություններ, հ. 1–5, Վնն., 1922–53։ Ներսես Լամբրոնացի արքեպիսկոպոս Տարոնի. կյանքն ու գրական վաստակը հանդերձ ազգաբանությամբ Պահլավունյաց և Լամբրոնի Տեթումյանց, Վնտ., 1956։ Եվսեբեա եպիսկոպոսի Եմեսացվո ճառք, «ՀԱ», 1956–59։ Դավիթ Հարքացի Անհաղթ փիլիսոփա, կյանքն ու գործերը, Վնտ., 1959։ Տաղասացներ ե տաղեր, Վնտ., 1968։

Գրկ. Հրանտ Արմեն, Իտրենացի, Եղիշե և հ. Ներսես Ակինյան, Երուսաղեմ, 1951։ Ինգլիզյան Վ., Հ. Ներսես վրդ. Ակինյան–հայ բանասերը, Վնն., 1954։ Գ. Աբգարյան