ՀՍՀ/ԱԿՆ
ԱԿՆ (թուրք․ Էգին, ապա՝ Քեմալիե), գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Երզնկայի վիլայեթում, Արևմտյան Եփրատ (Կարասու) գետի աջ ափին։ Անցյալում եղել է Խարբերդի վիլայեթի կազմում։ Ա. գտնվում է Տավրոսյան և Անտիտավրոսյան լշ–ների միջև, ծառազարդ հովտում, բարձր, ավելի քան 1000 մ։ Ա. հիմնադրել են Սեբաստիա տեղափոխված Արծրունիները 1022-ին. սկզբում կոչվել է Մարընտունիկ։ Ա. անունը հավանաբար ծագել է քաղաքի միջով հոսող Ակնաղբյուրի անվանումից։ XI դ. Արծրունիներն Ա–ում կառուցել են Նարեկա վանքը (Ռշտունիքի Նարեկա վանքի անունով), իսկ ավելի ուշ՝ Ս. Նշան վանքը (Վասպուրակսւնի Վարագա Ս. Նշան վանքի անունով)։ 1300–21-ին Անիից այստեղ գաղթած հայերը հիմնադրել են իրենց թաղամասը՝ Ա. Հակոբ եկեղեցով։ Ա–ում եղել է նաև Անի անունով բերդ։ XVI դ. սկզբին Ա. գրավեցին թուրքերը։ 1880-ին Ա. ուներ շուրջ 10 հզ. բնակիչ, որից մոտ 5500՝ հայեր։ Տները քարաշեն էին, 2–4 հարկանի։ Քաղաքը մաքուր էր, բարեկարգ, սալահատակված փողոցներով։ Ակնցիք վարպետ արհեստավորներ և առևտրականներ էին։ XIX դ. վերջերի Ա–ում գործում էին երկսեռ դպրոցներ (Նարեկյան և Ներսեսյան), եկեղեցիներ (Ս. Աստվածածին և Ս. Գևորգ), ազգային ընկերություններ (Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամյան և Նարեկյան)։ 1870-ից Ա–ում լույս են տեսել «Ծաղիկ», «Եփրատ», «Մտրակ» թերթերը։ 1873-ին այստեղ ներկայացվել է «Ս. Մեծն Ներսես» պիեսը։
1896-ի սեպտ. 3–4-ին թուրք հրոսակները հարձակվեցին Ա–ի, իսկ քրդերը՝ շրջակա հայ գյուղերի (Լիճք, Բինկյան, Զմարա, Կասմա, Ապուչեխ, Կամարակապ ևն) վրա, կոտորեցին բնակիչներին, կողոպտեցին ու հրդեհեցին տները։ Ականատեսի վկայությամբ, զոհերի թիվը հասավ 3000-ի։ Հետագա երկու տասնամյակում հայերը վերաշինեցին քաղաքը, Ա–ում նորից կյանքն աշխուժացավ։ Մեծ եղեռնին Ա. և շրջակա գյուղերը դատարկվեցին հայերից, որոնց մեծ մասը շուտով զոհ գնաց գաղթի ճանապարհին։
Ակնցիները տվել են գրչի ու մտքի բազմաթիվ ականավոր մշակներ՝ բժիշկներ և ուսուցիչներ, արվեստագետներ, իրավաբաններ, ազգային և հոգևոր գործիչներ։ Ա–ից են սերում Ա. Արփիարյանը, Մ. Մեծարենցը, Գ. Զոհրապը, Սիամանթոն, Ա. Չոպանյանը, Մինաս Չերազը, Ն. Գալանտերյանը։ Ա. մոտ 200 տարի ամիրայական նշանավոր գերդաստաններ է տվել Կ. Պոլսին և Զմյուռնիային (Տատյան, Ճեգայիրլյան և ուրիշներ)։
Գրկ. Սրվանձտյանց Գ., Թորոս աղբար, հ. 1, ԿՊ [1879]։ Քեչյան Ա., Ակն և ակնցիք, Փարիզ, 1952։ Ագատյան Թ., Ակն և ակնցիք, Իսթանբուլ, 1943։
