ՀՍՀ/ԱԿՈԲ ՆԿԱՐՈՂ
ԱԿՈԲ (Ակոբ Նկարող, ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դ. քանդակազարդող հայ վարպետ։ Նրա ստեղծագործությունները (1526–49) պահպանվել են Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 4 տապանաքար գտնվում է գերեզմանատանը, մի նշանավոր տոհմի գերդաստանի ննջեցյալների վրա (որոնցից Փիրնտարը, իր կենդանության օրոք, վերաշինել է ավերված գյուղը)։ Տապանաքարերին Ա. քանդակել է որսի և ուրախության տեսարաններ, մեկը թվագրել է ՋՀԵ (1526), իսկ Փիրնտարինը՝ ՋՂԸ (1549) և ստորագրել Ակոբ։ Աչքի են ընկնում ճոխ ու նուրբ քանդակներով նրա երկու խաչքարերը, որոնցից մեկը Ս. Աստվածածին եկեղեցու մոտ է, ստորագրված՝ Ակոբ Նկարող, թվագրված՝ ՋՂԸ (1549), մյուսն ագուցված է Ս. Ստեփանոս եկեղեցու պատի մեջ (թվագրված՝ ՋՂԸ)։
Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 150–51։
