Jump to content

ՀՍՀ/ԱԿՈՊՈՎ ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿՈՊՈՎ Ստեփան Հակոբի (1899–1958), սովետական կուսակցական և պետական գործիչ, ինժեներ–մեխանիկ։ Ծնվել է դեկտեմբերի 21-ին` Շուլավերում (այժմ՝ Վրացական ՍՍՀ Մառնեուլի շրջանի Շահումյան ավան)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1931)։ 1919-ից կոմերիտական, կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել կոմերիտմիության Թիֆլիսի կոմիտեում, ՀամԿ(բ)Կ Մոսկվայի Բաումանի շրջկոմում, ՀամԿ(բ)Կ Մոսկվայի նահանգի Զվենիգորոդի գավկոմում։ Այնուհետև աշխատել է որպես Պոդոլսկի Օրջոնիկիձեի անվան մեքենաշինական գործարանի գլխավոր ինժեներ, ապա՝ դիրեկտոր, 1937–39-ին՝ Ուրալմաշ գործարանի (Սվերդլովսկ) դիրեկտոր։ Մեծ են Ա–ի ծառայությունները սովետական ավտոմոբիլային և տրակտորային արդյունաբերության կազմակերպման և զարգացման գործում։ 1940-ից եղել է միջին մեքենաշինության ժողկոմի 1-ին տեղակալ, 1941-ից՝ ժողկոմ, 1946-ից՝ ՍՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության, իսկ 1947-ից՝ ավտոմոբիլային ու տրակտորային արդյունաբերության մինիստր։ 1950-ից Ա․ աշխատել է որպես ՍՍՀՄ գյուղատնտեսական մեքենաշինության մինիստրի տեղակալ, իսկ 1953-ին նշանակվել ՍՍՀՄ մեքենաշինության մինիստրի տեղակալ, ապա և՝ մինիստր։ 1954–55-ին եղել է ՍՍՀՄ ավտոմոբիլային, տրակտորային և գյուղատնտեսական մեքենաշինության մինիստր։ Ա–ի նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս են տեսել մեքենաշինության եռահատոր տեղեկատուն և մի շարք տեխնիկական գրքեր։ Եղել է ՍՍՀՄ II և IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։ Մահացել է օգոստոսի 9-ին`Մոսկվայում։ Ա․ Մարջանյան